10 սեպտեմբերի 2009 - 21:31 AMT
Տնտեսական առումով Հայաստանը ոչինչ չի շահի Թուրքիայի հետ սահմանի բացումից
«Տնտեսական առումով Հայաստանը ոչինչ չի շահի Թուրքիայի հետ սահմանի բացումից»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչպիսի վտանգների հետ կարող է բախվել Հայաստանի տնտեսությունը Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում, նա պատասխանել է, որ վերջին տարիներին ՀՀ արտաքին առեւտրական հավասարակշռությունը մինուսային է: «Այսինքն, Հայաստանն ավելի շատ ներկրում է, քան արտահանում: Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ մի արտադրական հզորություններ չունի, որպեսզի թուրքական շուկա մտնի, իսկ թուրքական կողմից հայկական` ճիշտ հակառակն է»,- ընդգծել է Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով, իշխանությունների միակ մխիթարությունը Nabucco խողովակաշարի` Հայաստանով անցկացնելու հնարավոր հեռանկարն է: «Բայց եթե անգամ դա իրականություն դառնա, ապա այդ դեպքում էլ Հայոց ցեղասպանությունն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չեն կարող այդ նախագծի գինը լինել»,- իր խոսքն ամփոփել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավարը: