11 սեպտեմբերի 2009 - 14:32 AMT
Հովհաննես Իգիթյան. Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները կապում է ղարաբաղյան խնդրի հետ
«Ես արդեն բազմիցս եմ ասել, որ Թուրքիան փորձում է հայ-թուրքական հարաբերությունները կապել ղարաբաղյան խնդրի հետ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ վարչության անդամ, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա, արձանագրություններում ասվում է տարածաշրջանային կայունության մասին, որի տակ պետք է հասկանալ, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները կապում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Նա նաեւ նշել է, որ դա տեսանելի է Թուրքիայի ԱԳՆ այն հայտարարություններից, որ իրենք ուրախ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար եւ որ Հայաստանը վերջապես կկարողանա լուծել ղարաբաղյան հարցը: «ՀՀ ԱԳՆ-ն պետք է հանդես գա հայտարարությամբ եւ ասի, որ հայ-թուրքական հարաբերությունները դա առանձին գործընթաց է, որը ոչ մի կապ չունի ղարաբաղյան հարցի հետ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ մի կապ չունի տարածաշրջանային կայունության հետ»,-ասել է ՀՀՇ վարչության անդամը: