11 սեպտեմբերի 2009 - 20:52 AMT
Քրիստինե Պետրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի ծանրամարտի պատանիների առաջնությունում
Քրիստինե Պետրոսյանը (63կգ ք/կ) բրոնզե մեդալ է նվաճել Իսրայելի Էյլաթ քաղաքում անցնող Եվրոպայի ծանրամարտի մինչեւ 17 տարեկան պատանիների առաջնությունում , երկամարտում բարձրացնելով 200 կգ (90կգ հրում+110 պոկում վարժություններում): ՌԴ ներկայացուցիչ Տիմա Տուրիեւան եւս 200 կգ ցուցանիշը ցույց տվեց, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց Պետրոսյանին եւ գրավեց երկրորդ տեղը:

63կգ ք/կ Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուսաստանցի Լյուբով Նովոսյոլովան, որը երկամարտում բարձրացրեց 205կգ (90կգ հրում+115 պոկում վարժություններում):

Տղամարդկանց մրցաշարում անհաջող հանդես եկավ Ազատ Սայադյանը, որը (85կգ ք/կ) հրում վարժությունում բարձրացրել է 137 կգ, իսկ պոկում վարժությունում չբարձրացրեց 150 կգ եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Այսպիսով, Քրիստինե Պետրոսյանը չորրոդ մեդալը բերեց ՀՀ հավաքականին: Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Սմբատ Մարգարյանը (56կգ ք/կ), արծաթի արժանացան Րաֆֆի Մելիքյանը (69կգ) եւ Իզաբելլա Յայլյանը (48կգ):

ՀՀ-ն ներկայացնում էին 10 ծանրորդներ, այդ թվում 2 աղջիկ, որոնցից 8-ն արդեն ավարտել են իրենց ելույթները:

Սեպտեմբերի 12-ին ՀՀ-ից հանդես կգան Համլետ Պողոսյանը (94կգ) եւ Անդրանիկ Հովհաննիսյանը (+94կգ):