12 սեպտեմբերի 2009 - 15:40 AMT
«ԱրմենՏելը» սկսել է ծառայության որակի բարձրացման ծրագիրը
«ԱրմենՏել» ընկերությունը ( ապրանքանիշ Beeline) սկսել է սպասարկման մակարդակի բարձրացման ծրագիրը: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «ԱրմենՏելի» հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեգլոյանը: Նրա խոսքերով, այդ նպատակով կիրականացվի մոնիթորինգի ծրագիր` վաճառքի եւ ծառայության գրասենյակներում սպասարկման մակարդակի բարձրացման նպատակով: Ընկերությունը արդեն կազմակերպել է ինտենսիվ ուսուցման դասընթացներ, որոնց շնորհիվ կբարձրանա սպասարկման մակարդակը:

Ինչպես նշեց Անուշ Բեգլոյանը, ծրագրի շրջանակներում կստեղծվեն մոնիթորինգային խմբեր հասարակական կազմակերպությունների, լրագրողների եւ ընկերության աշխատակիցների ներկայացուցիչներից: Նրանք կանցկացնեն Էքսպրես հարցումներ փողոցներում եւ Beeline գրասենյակի հարեւանությամբ: Մոնիթորինգի արդյունքները հասանելի կլինեն բոլոր ցանկացողների համար` ԶԼՄ-ներից եւ հաճախորդների սպասարկման ծառայությունից: Ծրագրերը նախատեսված են 3 ամսվա համար:

«Աշխատանքները կտարվեն այնքան ժամանակ, մինչեւ որ սպասարկման մակարդակը չհասնի ապրանքանիշի մակարդակին»,-ասաց Բեգլոյանը:

Սա Beeline ծրագրերի երկրորդ փուլն է: Առաջին փուլի ժամանակ անցկացվել էր վաճառքի գրասենյակների եւ ընկերության սպասարկման մակարդակի մոնիթորինգ, գնահատված էր դրանց ֆիզիկական վիճակը եւ հաճախորդների պահանջներին համապատասխանությունը: Ներկա պահին խիստ ուշադրություն է դարձվելու Beeline ծառայողների կուլտուրայի եւ աշխատանքի որակի վրա: