15 սեպտեմբերի 2009 - 16:24 AMT
HSBC Բանկ Հայաստանը կանխատեսում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի մեծացում 2010 թվականի սկզբին
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը Հայաստանի կենտրոնական բանկի քաղաքականությունը գնահատում է որպես «ճիշտ»: «Մենք գտնում ենք, որ ԿԲ-ն -ճիշտ քաղաքականություն է իրականացնում` նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը», - ասել է նա: Նրա խոսքերով, քանի որ ԿԲ-ի հիմնական խնդիրը գների վերահսկումն ու երկրում սղաճի մակարդակի կարգավորումն է, եւ հաշվի առնելով այն փաստը, որ օգոստոսին ոչ մեծ գնանկում էր արձանագրվել, տոկոսադրույքի իջեցումը խթանում է տնտեսությունը:

Սակայն, բանկիրի խոսքերով, դոլարացման մակարդակի բարձրացման պայմաններում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումն ազդեցություն չի գործում տնտեսության վրա: Այդ նպատակով, Սլեյթերի կարծիքով, անհրաժեշտ է իջեցնել պահեստավորման տոկոսադրույքը, որն այժմ ԿԲ-ի կողմից հաստատվել է 12 տոկոս մակարդակում, ինչն, իր հերթին, կհանգեցնի դոլարային դեպոզիտների տոկոսադրույքի իջեցմանը, եւ դա մարդկանց կդրդի իրենց խնայողությունները վերածել դրամի:

Դրա հետ մեկտեղ, Սլեյթերն ավելացրել է, որ հնարավոր սղաճային ճնշումների պայմաններում 2010 թվականի սկզբում կարող է դիտարկվել վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճ, միաժամանակ հնարավոր կլինի դիտարկել դոլարային դեպոզիտների տոկոսադրույքի իջեցում եւ ազգային արժույթի ամրապնդում: «Եթե դրամային դեպոզիտների տոկոսադրույքներն անփոփոխ մնան, իսկ դոլարային դեպոզիտների տոկոսադրույքներն իջեցվեն, ապա շատ ավանդատուներ իրենց ավանդները կվերածեն դրամի», - պարզաբանել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենը: