15 սեպտեմբերի 2009 - 16:45 AMT
Հայաստան կժամանի Ուլյանովսկի մարզի պատվիրակությունը
Շիրակի մարզի մարզպետ Լիդա Նանյանի հրավերով 2009թ. սեպտեմբերի 15-17-ը ՀՀ-ում կլինի Ուլյանովսկի մարզի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում, որը գլխավորում է նահանգապետ Սերգեյ Մորոզովը, կընդգրկվեն Ուլյանովսկի մարզի կառավարության անդամներ, Ուլյանովսկի տեխնոպարկի ներկայացուցիչներ, Ուլյանովսկի առեւտրա-արդյունաբերական պալատի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը:

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Շիրակի մարզի մարզպետի, Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության, Առեւտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ձեռնարկությունների ղեկավարների հետ:

Տեղի կունենա Ուլյանովսկի մարզի տնտեսական եւ ներդրումային ներուժի շնորհանդեսը:

Պատվիրակության անդամները կայցելեն Գյումրիի երկրաշարժի զոհերի հուշահամալիր եւ Իլ-76 ինքնաթիռի վթարից զոհված Ուլյանովսկի մարզի փրկարարների հուշարձան:

Ենթադրվում է, որ ըստ 2009թ. մայիսի 29-ին Շիրակի մարզպետ Նանյանի Ուլյանովսկ կատարած այցի ժամանակ կնքված մտադրությունների հուշագրի, Ուլյանովսկի մարզի եւ Շիրակի մարզի միջեւ համաձայնագիր կկնքվի առեւտրանտնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային համագործակցության վերաբերյալ:

Բացի այդ, կողմերը ստորագրության կնախապատրաստեն Ուլյանովսկի բարձրագույն ավիացիոն ուսումնարանի հենքի վրա կադրեր ու ավիացիայի մասնագետներ պատրաստելու եւ Ուլյանովսկ-Երեւան չվերթ բացելու վերաբերյալ մտադրությունների մասին արձանագրությունները: