16 սեպտեմբերի 2009 - 14:31 AMT
Տիգրան Սարգսյան. ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի արդյունքները տեսանելի կլինեն 2009թ. չորրորդ եռամսյակում
ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի արդյունքները տեսանելի կլինեն 2009թ. չորրորդ եռամսյակում, հայտարարել է այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «2009թ. Հայաստանի ազգային մրցունակության մասին զեկույցի» շնորհանդեսին կայացած ելույթի ժամանակ: «Ճգնաժամի պայմաններում բոլոր մեր ջանքերն ուղղված էին ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, եւ հակաճգնաժամային ծրագիրը բարձր գնահատական ստացավ միջազգային կառույցների փորձագետների կողմից»,-ասել է նա:

Ինչպես նշել է վարչապետը, հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում նախատեսվում էր, առաջին հերթին, իրականացնել հակացիկլային միջոցառումներ եւ անցնել զսպման քաղաքականությունից դրամավարկային քաղաքականության: «Ենթակառուցվածքների ընդլայնման քաղաքականությունը նախատեսում էր բյուջեի ծախսային մասի ավելացում, ինչը թույլ տվեց խթանել ենթակառուցվածքների զարգացումը, համակարգաստեղծ ձեռնարկությունները պետերաշխիքներ ստացան, իսկ փոքր ու միջին բիզնեսը վարկային արտոնություններ ստացավ»,-ասել է նա: Այս համատեքստում Սարգսյանը հաղորդել է, որ այսօրվա դրությամբ արդեն շուրջ 31 000 փոքր ու միջին ձեռնարկություններ օգտվում են հարկային արտոնություններից, իսկ 20 000-ին հնարավորություն է տրվել անել ֆիքսված մուծումներ: «Փոքր ու միջին ձեռնարկությունների ոլորտը կարող է բարձրացնել մեր երկրի դիմադրողականությունը, եւ մենք միջոցներ գտանք այդ ոլորտին սատարելու համար»,-հավելեց նա:

Միաժամանակ, ըստ Սարգսյանի, կառավարության համար կարեւոր նշանակություն ունեն երկրի տնտեսության զարգացման կանխատեսումները 2010-11թթ. համար: «Այսօր մեզ համար կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն մեր 2010թ. միջոցառումները, այլ նաեւ 2011թ. տնտեսության զարգացման կանխատեսումները»,-ասել է վարչապետը: