16 սեպտեմբերի 2009 - 18:09 AMT
Վարդան Խաչատրյան. Հայ-թուրքական սահմանի բացումով Թուրքիայի ազդեցությունը Հայաստանի վրա կաճի
Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նա չբացառեց, որ Հայաստանի քաղաքական ուժերը կարող են տեղյակ չլինել կողմերի միջեւ եղած բոլոր պայմանավորվածություններին, եւ մտահոգություն հայտնեց, որ այսպիսով հայտնի չեն այն շրջանակները, որոնց միջեւ հնարավոր կլիներ խուսանավել եւ հետեւաբար հայտնի չէ, թե ինչպես հետագայում կզարգանան իրադարձությունները:

«Արձանագրություններից Թուրքիան կստանա լուրջ ձեռքբերումներ: Որոնցից կարեւորն այն է, որ Թուրքիան կարող է մասնակցություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում», - նշեց Խաչատրյանը, ավելացնելով, որ այդ բանից հետո տարածաշրջանում նա կդառնա բավականին լուրջ խաղացող:

Վարդանյանի կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացումով Թուրքիայի ազդեցությունը Հայաստանի վրա կաճի: «Պետք է հասկանալ, որ սադրանքի դեպքում հնարավոր է հայ-թուրքական սահմանի փակումը, այսինքն, ինչպես այն բացվեց, անպես էլ կարող է փակվել»,- ընդգծեց Վարդանյանը:

Նա նաեւ մեկնաբանեց Արձանագրությունների դեմ ՀՅ Դաշնակցության բողոքի ակցիան եւ ասաց, որ նման բողոքի գործողությունները պետք է արթնացնեն հայ հասարակությանը: «Այս ակցիան պետք է նախազգուշացնի հայ ժողովրդին վտանգների մասին, կապված հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման հետ»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Սեպտեմբորի 15-ին Երեւանում Հայաստանի կառավարության եւ ԱԳՆ շենքերի առաջ սկսվեց ՀՅ Դաշնակցության պիկետը եւ հացադուլը` ուղղված Արձանագրությունների ստորագրման դեմ: Պիկետի եւ հացադուլի մասնակիցները ձեռքերում պահում էին «Ոչ նախապայմաններին», «Չուրանալ, չզիջել, ընդվզել» պաստառները: Բացի այդ, ակցիայի մասնակիցները ցուցատախտակ են տեղադրել, որի վրա ներկայացված էին փոփոխությունները, որոնք ՀՅԴ - ն առաջարկում է մտցնել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փաստաթղթերի մեջ:

Հացադուլը 24 մարդ է սկսել: Հացադուլին մասնակցում են ինչպես ՀՅ Դաշնակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչները, այնպես էլ Կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչները: