16 սեպտեմբերի 2009 - 19:46 AMT
Հայաստանը մասնակցեց «ՄԱԿ-ի գլոբալ մոդել» խորհրդաժողովին
ՄԱԿ-ի Հայաստանյան ներկայացուցչությունում այսօր կայացավ մամլո ասուլիս, որի ժամանակ ներկայացվեց Հայաստանի պատվիրակությունը, որը մասնակցել է «ՄԱԿ-ի գլոբալ մոդել» խորհրդաժողովին, որը կայացել է սույն թվականի օգոստոսի 2-ից 7-ը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում:

«ՄԱԿ-ի գլոբալ մոդել» խորագիրը կրող առաջին խորհրդաժողովին մասնակցել են 9 ուսանողներ Հայաստանի տարբեր բուհերից: «Հազարամյակի զարգացման նպատակներ. աղքատության հաղթահարում» խորագիրը կրող խորհրդաժողովում մասնակել են երիտասարդներ աշխարհի 60 երկրներից:

ՄԱԿ-ի մոդելի խորհրդաժողովը կազմակերպվում է աշխարհի ավելի քան 70 երկրներում ամեն տարի, որում մասնակցում են մոտ կես միլիոն երիտասարդներ ամբողջ աշխարհից:

Ժնեւի խորհրդակցության ժամանակ հայ պատվիրակները հանդես են եկել հմուտ դիվանագետների դերում, քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են միջազգային խնդիրներին, ընդունել եւ կազմել են բանաձեւեր քննարկվող խնդիրների վերաբերյալ:

«ՄԱԿ-ի համար երիտասարդությունը միշտ գտնվում է առաջին տեղում: Համոզված եմ, որ այս երիտասարդական խորհրդաժողովը շատ լավ հնարավորություններ է ընձեռում ղեկավարի հմտություններ ձեռք բերելու համար եւ կարծում եմ, որ այդ հմտությունները ձեզ անհրաժեշտ կլինեն ամբողջ կյանքի ընթացքում», - հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական կորդինատոր, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական նախագահ Կոնսուելո Վիդալը:

«ՄԱԿ-ի գլոբալ մոդել» գիտաժողովին մասնակցելու համար հայ պատվիրակներին աջակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, Հայաստանում ՄԱԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունը եւ ՄԱԿ-ի Հայաստանյան ասոցիացիան:

Մամլո ասուլիսի ավարտին պատվոգրեր են հանձնվել Մարիյա Դոցենկոյին, Հայաստանում ՄԱԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցչին, քաղաքացիական ավիացիայի աշխատակազմի ներկայացուցչին եւ Սերժ Սարգսյանի ներկայացուցչին: