9 ապրիլի 2002 - 23:42 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ԳԱԶԵՏԱՍՆԳ ՌՈՒ» ԻՆՏԵՐՆԵՏ-ՊՈՐՏԱԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ
ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԿՈՂՄԵՆԱԿԻՑ ԵՆ
Ռուսաստանյան լրագրատվական վերլուծական «Գազետա ՍՆԳ . ռու» պորտալը իր ընթերցողների շրջանում անց է կացրել յուրօրինակ հանրաքվե այն մասին, թե ինչպե՞ս են նրանք պատկերացնում ղարաբաղյան, աբխազական եւ հարավ-օսեթական հակամարտությունների լուծումը: Հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ քվեարկությանը մասնակցել են 436 հազար մարդ: Տրված ձայների 57 եւ կես տոկոսը Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի կարգավիճակի օգտին է տրված: Դրանցից 42,46 տոկոսը կողմնակից են հանրապետության անկախության պահպանմանը, 15,02 տոկոսը` ԼՂՀ միացմանը Ռուսաստանին: Քվեարկությանը մասնակցած ընթերցողների 42,52 տոկոսը կողմ են արտահայտվել Ադրբեջանի կազմում Ղարաբաղի վերադարձին: Նշենք, որ ընտրության համար առաջադրված տարբերակների շարքում չի եղել Հայաստանին միանալը: Մյուս հարավ-կովկասյան տարածքային հակամարտություններին առնչվող պատկերը հետեւյալն է` քվեարկությանը մասնակցած 39,53 տոկոսը իրենց ձայները տվել են Վրաստանի կազմում Աբխազիայի պահպանման օգտին, 33,39 տոկոսը` քվեարկել են հանրապետության անկախ կարգավիճակի կողմ, 26,51 տոկոսը Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին: Հարավային Օսեթիայի կարգավիճակին առնչվող քվեարկության ձայների 41,13 տոկոսը Վրաստանի կազմում նրա պահպանման օգտին են քվեարկել, 30,07 տոկոսը` անկախ կարգավիճակի կողմ, 28,8 տոկոսը` Ռուսաստանի կազմում նրա ընդգրկվելու օգտին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: