18 սեպտեմբերի 2009 - 15:28 AMT
Ռազմիկ Ստեփանյան. Ես վստահ եմ, որ հայ ըմբշամարտիկները կկարողանան բարձր պահել իրենց երկրի պատիվը Աշխարհի առաջնությանը
Սեպտեմբերի 21-27 դանիական Խերնինգ քաղաքում կայանալիք ազատ եւ հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցող հայ ըմբշամարտիկների պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը վստահ է, որ հայ ըմբշամարտիկները կկարողանան բարձր պահել իրենց երկրի պատիվը Աշխարհի առաջնությանը: Նման կարծիքը պատվիրակության ղեկավարը հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, ինչպես նաեւ բացատրել, թե ինչ պատճառով Դենից Ֆորովին, որն ԱԱ-ին հանդես էր գալու 84 կգ ք/կ, կփոխարինի Արթուր Շահինյանը:

«Բոլոր մարզիկները մարտական տրամադրություն ունեն: Ես վստահ եմ, որ նրանք կանեն ամեն հնարավոր բան, որպեսզի բարձր պահեն մեր երկրի պատիվը: Մեդալի իրական հավակնորդ եմ համարում Արսեն Ջուլֆալակյանին, որը շատ լավ մարզական պատրաստականություն ունի` ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական տեսակետից,- ասել է Ստեփանյանը,- ինչ վերաբերում է Դենիս Ֆորովին, ապա նշեմ, որ նա շատ լավ մարզիկ է եւ Հայաստանի հավաքականի լավագույններից է: Բայց վերջին առաջնություններում Ֆորովը փոքր-ինչ զիջեց իր դիրքերը եւ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մարզչական խորհուրդը որոշեց նրա փոխարեն առաջնությանը հայտագրել Արթուր Շահինյանին (երիտասարդական ԱԱ հաղթող), քանի որ վերջինս ավելի լավ պատրաստականություն ունի ներկա պահին»,- ավելացրել է նա: