18 սեպտեմբերի 2009 - 17:41 AMT
«Spyur» տեղեկատու բյուրոյի կայքը կոտրվել է ենթադրաբար թուրք հաքերների կողմից
Երկու օրվա հարձակումներից հետո «Spyur» տեղեկատու բյուրոյի կայքը կոտրվել է ենթադրաբար թուրք հաքերների կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է տեղեկատու բյուրոյի կոմերցիոն տնօրեն Կարեն Ջավահիրյանը:

Մասնավորապես, նա նշել է, որ հարձակումները կատարվել են ամսի 16-ին եւ 17-ին, ինչի հետեւանքով կայքը կոտրվել է եւ այնտեղ տեղակայվել է մի գրություն, որը այցելուին մեկ այլ ռեսուրսի հղում է տալիս: Կոմերցիոն տնօրենը նաեւ հաղորդել է, որ կայքի կոտրման մեջ նկատելի է թուրքական հետքը:

Ներկա պահին կայք այցելելու փորձի դեպքում հայտնվում է հաղորդագրություն այն հնարավորության մասին, որ www.spyur.am կայքը վնաս կհասցնի այցելուի համակարգչին, սակայն Կարեն Ջավահիրյանը հաղորդել է, որ կոտրման բոլոր հետեւանքները վերացնելու մասին տեղեկացումը Google է ուղարկվել դեռեւս երեկ:

Նա նաեւ հաղորդել է, որ կայքի հոստինգը տրամադրում է Arminco ընկերությունը, որի տեխնիկական բաժնում մեզ հաղորդեցին, որ հոսթինգի հետ ամեն ինչ կարգին է: Այդ առիթով, ինչպես հավելել է Կարեն Ջավահիրյանը, կայքի տեխնիկական բաժնում գաղտնաբառն այսուհետ բավական հաճախ են փոխելու: