25 հունիսի 2003 - 23:32 AMT
ԵԽ-Ն ՄՇԱԿՈՒՄ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՆՈՐ ԿՈՆՎԵՆՑԻԱ
Եվրոպայի Խորհրդում մշակվում է ԵԽ անդամ-երկրներում տարածաշրջանային եւ ազգամիջյան հակամարտությունների կարգավորման աջակցման նոր կոնվենցիա: Տվյալ փաստաթղթի նախաձեռնողն է ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ, շվեյցարացի պատգամավոր Անդրեաս Գռոսը: Նա ներկայացրել է պետության կազմում տարածաշրջանային ինքնավարության նոր սկզբունք, որը թույլ է տալիս կառուցողական կերպով կարգավորել հակասությունները կենտրոնական իշխանությունների եւ ինքնավար տարածաշրջանների միջեւ: Ինչպես նախօրեին «Արմինֆո» գործակալությանն էին հայտնել ԵԽ մամլո ծառայությունում, իր հարցազրույցում Անդրեաս Գռոսն ընդգծել է կենտրոնական իշխանությունների եւ ինքնավարություններինների միջեւ պարտավորությունների ճշգրտման անհրաժեշտությունը: Ինքնակառավարվող տարածաշրջանները պետք է լիարժեք մասնակցություն ունենան պետական մակարդակով տարբեր հարցերի լուծմանը: Բացի այդ, երկրի պետական կառույցներում տարածաշրջանները պետք է ունենան ավելի շատ ներկայացուցիչներ, քան դա պահանջում է վերջիններիս բնակչության թվաքանակը: Պատգամավորի խոսքերով, անհրաժեշտ է ճշգրտել ինքնակառավարվող տարածաշրջանների եւ կենտրոնական պետությունների միջեւ հակամարտությունների կարգավորման մեխանիզմները եւ կանոնները: Հակամարտությունների կարգավորման համար պատասխանատվություն պետք է կրեն ինչպես քաղաքական, այնպես էլ իրավաբանական անձինք, իսկ տարածաշրջանային ինքնակառավարումը պետք է ամրագրված եւ երաշխավորված լինի երկրի Սահմանադրությամբ: Անդրեաս Գռոսը, մշակել է 25 գործոն, որոնք կարող են ազդել տարածաշրջանային ինքնակառավարման հաջողության վրա: Մասնավորապես, ինքնավարությունները չպետք է լինեն շատ աղքատ կամ շատ հարուստ համազգային տնտեսության համեմատ: Բացի այդ, հակամարտության բոլոր կողմերը իրապես պետք է ցանկանան խաղաղ կարգավորում, իսկ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման վրա միջազգային ազդեցությունը չպետք է չափազանց մեծ լինի, ընդգծել է նա: