18 սեպտեմբերի 2009 - 20:07 AMT
Հայ-թուրքական երկխոսության ձախողման հետեւանքները կարող են բավական ծանր լինել
Հայտնի քաղաքագետ, Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի նյույորքյան բաժնի ղեկավար Անդրանիկ Միհրանյանը դրական է գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները: «Իհարկե, այդ փաստաթղթերն իդեալական չեն, եւ ես նկատառումներ ունեմ նրանց որոշ կետերի առնչությամբ: Բայց ես գիտեմ, թե որքան դժվար է համաձայնության հասնել մի փաստաթղի շուրձ, որը կարող է բավարարել երկու կողմերին»,- ընդգծել է քաղաքագետը:

Նրա խոսքով, հայկական կողմին հաջողվել է եթե ոչ 100%-ով, ապա գոնե զգալի չափով հասնել նրան, ինչին նա կարող էր հասնել ներկայիս պայմաններում` գործ ունենալով այնպիսի հզոր պետության հետ, ինչպիսին Թուրքիան է: «Իհարկե, Հայաստանին հաջողվել է ամեն ինչ ձեռք բերել ոչ սեփական փոքր ռեսուրսների օգնությամբ: Ներկայիս արդյունքին դժվար թե հնարավոր կլիներ հասնել առանց Վաշինգտոնի ու Մոսկվայի ակտիվ մասնակցության այդ գործընթացում»,- նկատել է Անդրանիկ Միհրանյանը: Նրա խոսքով, ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում որոշակի ուժեր կլինեն, որոնք հանդես կգան Արձանագրությունների ստորագրման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ, բայց, քաղաքագետի կարծիքով, այդ հարաբերությունների կարգավորումը ռազմավարական բնույթ է կրում եւ գործընթացի ձախողման հետեւանքները կարող են ավելի ծանր լինել, քան այդ խնդրի լուծումը: «Այժմ կողմերն այն փուլում են գտնվում, որը կարող է առավել բարդ խնդիրների լուծման հանգեցնել»,- ճշտել է նա: