Ժամանակից շուտ փախստականների վերադարձը կարող է հակամարտության նոր բռնկումների պատճառ դառնալ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամենամեծ քաղաքական երաշխիքը լավ մշակված ու համաձայնեցված փաստաթուղթն է: Այդ մասին «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Այդ փաստաթղթում շատ հստակ պետք է գրանցվի այն, ինչի մասին պայմանավորվում ենք, որպեսզի հետո ինչ-որ փուլում ոչ ոքի` ոչ հայկական, ոչ ադրբեջանական, ոչ էլ ղարաբաղյան կողմի մոտ ոչ առիթ, ոչ էլ պատճառ լինի հրաժարվելու հետագա գործողություններից կամ հակամարտության էսկալացիայի համար»,-ասել է ՀՀ նախագահը:



Անդրադառնալով վերջին զարգացումներին ղարաբաղյան հակամարտության գործընթացում` ՀՀ նախագահն հիշեցրել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների Ակվիլայում արված համատեղ հայտարարության եւ «մադրիդյան սկզբունքների» որոշ դրույթների հրապարակման մասին: «Բոլորին պարզ դարձավ կարգավորման ներկա փուլի, այսինքն «մադրիդյան սկզբունքների», հիմքում ընկած տրամաբանությունը: Դա հանրաքվեի անցկացումն է` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հաստատման համար, Ադրբեջանի հսկողության տակ այն տարածքների վերադարձն է, որոնք մաս չէին կազմում ԼՂԻՄ-ին, եւ որոնք մենք եւ Ղարաբաղը համարում ենք «անվտանգության գոտի», եւ մեր բոլոր հարաբերությունների կարգավորում»,-ասել է ՀՀ նախագահը:



Նա հավելել է, որ եթե այս շղթայի բոլոր տարրերը, բոլոր օղակները սկիզբ առնեն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակից, կողմերը կհասնեն հաջողության: «Մենք այժմ բանակցում ենք նախագահների, ԱԳ նախարարների մակարդակով: Վերջերս մեզ է միացել նաեւ ՌԴ նախագահը, եւ մենք նրա օգնությամբ գրեթե համաձայնեցրել ենք առաջին կետը, ինչի համար մենք, անշուշտ, շնորհակալ ենք նրան, ես դա ասում եմ իմ անունից: Համանախագահ երկրների նախագահները հանձնարարել են իրենց ներկայացուցիչներին մեր քննարկմանը ներկայացնել «մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակը: Եվ եթե այդ նորացված տարբերակը իրականում համապատասխանի «մադրիդյան սկզբունքների» ոգուն ու տրամաբանությանը, ապա դա լավ է»,-ասել է Ս.Սարգսյանը:



Պատասխանելով Ղարաբաղ ադրբեջանցի փախստականների վերադարձի եւ հանրաքվեին նրանց հնարավոր մասնակցության մասին հարցին` ՀՀ ղեկավարը հայտարարել է, որ ադրբեջանցի փախստականները Ղարաբաղից իրավունք ունեն վերադառնալ հարազատ վայրեր, բնակության վայրեր, սակայն կարող են դա անել միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումից հետո: «Ինչո՞ւ: Որովհետեւ դեռեւս չի եղել նման հակամարտություն, երբ ժամանակից շուտ փախստականների վերադարձը նոր բռնկումների պատճառ չի դարձել: Իսկ մենք լուծման ենք գնում հանուն ինչի՞: Հանուն խաղաղության, կայունության, հանուն նրա, որ յուրաքանչյուրն իմանա, թե որտեղ է ինքն ապրելու»,-ասել է ՀՀ նախագահը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---