21 սեպտեմբերի 2009 - 18:48 AMT
«Ժառանգության» ներկուսակցական խնդիրների լուծման համար Րաֆֆի Հովհաննիսյանը ժամկետ է սահմանել մինչեւ հոկտեմբերի վերջը
«Այն ուշադրությունը, որին վերջին շրջանում արժանացել է «Ժառանգությունը», փաստում է, որ ինքը մեր քաղաքական դաշտում առանցքային ուժերից մեկն է: Ասել եմ եւ կրկնում եմ` «Ժառանգությունը» մի հոգու կուսակցություն չէ, ինչով եւ տարբերվում է շատ ու շատ կուսակցություններից: Այս մասին հայտարարել է կուսակցության նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն օրերս գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Ակ գյուղի Սբ.Մինաս եկեղեցու օծման արարողությանը:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա համար անընդունելի է ստեղծված այն իրավիճակը, որ մարդիկ, ովքեր պայքարել են հանուն հայրենակիցների քաղաքացիական իրավունքների, Արցախի ճանաչման, Ցեղասպանության եւ Հայրենասպանության միջազգային ճանաչման, այսօր հանդես են գալիս հայկական քաղաքական միջավայրին վաղուց ընտել կամ մանր անձնական շահախնդրություններին բնորոշ ամենատարբեր մեկնություններով:

«Ես կարծում եմ, որ «Ժառանգությունը»` որպես առաջատար ուժերից մեկը, կգտնի այս իրավիճակը հարթելու ձեւը: Բայց եթե մինչեւ այս ամսվա վերջը դա չանի, ես ինքս կլուծեմ խնդիրը, որովհետեւ այդ արժեքը, որի անունը «Ժառանգություն» է, ոչ միայն մերան է, ոչ միայն ազատ քաղաքացիների ամբիոն է, այլեւ ձգողականության այն կենտրոնն է, որտեղ մենք պատրաստ ենք ընդգրկել ամենալայն զանգվածներին, ում համար թանկ են Հայաստանի եւ հայ մարդու իրավունքները, ներկա եւ գալիք սերունդների արժանապատիվ կյանքը»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: