22 սեպտեմբերի 2009 - 13:43 AMT
ԱԶԲ. Հայաստանի ՀՆԱ-ն 2009թ. ամենից կտրուկ կնվազի տարածաշրջանում` 9,9 տոկոսով
Համաշխարհային ճգնաժամը, ՌԴ-ի հետ առեւտրի կրճատումն ու դրամական փոխանցումների կրճատումը մեծապես անդրադարձել է Անդրկովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների վրա: Առավելագույն կորուստներն են կրում Հայաստանը, Վրաստանն ու Ղազախստանը: Առավելապես շահավետ պայմաններում են հայտնվել ռեսուրսներով բավական հարուստ, սակայն արտաքին աշխարհից փակ Ուզբեկստանն ու Թուրքմենստանը: Այդ մասին են վկայում Ասիական զարգացման բանկի զեկույցում ներկայացված տվյալները:

Ըստ զեկույցի, 2009թ. միայն առաջին կեսում ՌԴ-ում գտնվող աշխատանքային միգրանտներից դեպի այդ երկրներ փոխանցված գումարները կրճատվել են մոտ 25,5 տոկոսով: «Քանի որ այդ փոխանցումները մի շարք երկրների գլխավոր եկամուտն են կազմում, ապա դա բացասաբար է անդրադարձել ներքին սպառման վրա եւ խախտում է վճարային բալանսը»,-ասել են բանկի փորձագետները:

Ընթացիկ տարում Հայաստանի ՀՆԱ-ն 2009թ. ամենից կտրուկ կնվազի տարածաշրջանում` 9,9 տոկոսով, կանխատեսում են բանկի փորձագետները: Ավելի վաղ նրանք կանխատեսում էին 0,5 տոկոսի աճ:

Վնասված ենթակառուցվածքներ, անկում ապրող արտահանում, արտերկրից փոխանցումների ցածր մակարդակ, ներդրումների եւ վարկավորման անկում է գրանցել բանկը Վրաստանում: 2009թ. նախկինում կանխատեսած 2,5 տոկոսի փոխարեն ՀՆԱ-ն այդ երկրում կնվազի 4 տոկոսով:

1 տոկոսով կնվազի Ղազախստանի ՀՆԱ-ն, գտնում են ԱԶԲ-ում: Չնայած նավթի ու գազի պահանջարկին աշխարհում, նվազեցվել են կանխատեսումները նաեւ Ադրբեջանի համար` 3 տոկոս աճ 8-ի փոխարեն: Ղրղզսատնում աճը 4 տոկոսից իջեցվել է 1 տոկոսի, Տաջիկստանում` 3-ից մինչեւ 0,5 տոկոսի, Թուրքմենստանում` 10-ից մինչեւ 8 տոկոսի: Անփոփոխ են մնացել կանխատեսումներն Ուզբեկստանի համար` ՀՆԱ-ի 7 տոկոս աճ ընթացիկ տարում: