22 սեպտեմբերի 2009 - 15:59 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը մտավախություններ է առաջացնում հայրենական արտադրողների շրջանում
Առեւտրատնտեսական հարաբերությունները Հայաստանի ու Թուրքիայի միջեւ այսօրվա դրությամբ կարգավորված չեն, ինչը որոշակի մտավախություն է ռաջացնում ինչպես հանրության, այնպես էլ հայրենական արտադրողների մոտ: Այդ մասդին մամլո ասուլիսում հայտարարել է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Այս անհավասարակշռությունն առեւտրային հարաբերություններում, նրա խոսքերով, պայմանավորված է նրանով, որ 2008թ. Հայաստանը ներմուծել է շուրջ 269 մլն դոլարի թուրքական ապրանք, իսկ արտահանել է` 1,8 մլն դոլարի ապրանք: «Թուրքիա արտահանվող ապրանքների թվում են մշակված եւ չմշակված կաշի, սեւ մետաղներ, ալյումինից պատրաստված իրեր: Թուրքիայից ներմուծվում են կաբելային սարքեր, տրիկոտաժ, բիտում»,-ասել է նա: Այս առնչությամբ Սաֆարյանը նշել է, որ, որպես կանոն, առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման դեպքում պայմանավորվածություն է ձեռք բերվում ներմուծվող եւ արտահանվող ապրանքների հավասար ծավալների մասին: «Սակայն, քանի որ երկրների հարաբերությունները կարգավորված չեն, ապա նման առեւտրային հարաբերությունները, մտավախությունների առիթ են տալիս»,-հավելել է նա:

Սաֆարյանը հաղորդել է, որ Թուրքիայի կառավարությունը, վարելով դեմպինգային քաղաքականություն, իր արտադրողներին զգալի առավելություններ է տրամադրում, եւ հայկական ապրանքների հետ մրցունակության առումով թուրքական ապրանքները շահեկան դիրքում են հայտնվում: Այս համատեքստում նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պետք է առավելագույնս խթանի հայրենական արտադրողին: «Մենք պետք է խթանենք տեղական արտադրությունը, մրցունակ ապրանքներ արտադրենք, որպեսզի մեր արտադրանքը կարողանանք իրացնել ներքին շուկայում»,-ասել է Սաֆարյանը: 2008թ., ըստ նրա, Հայաստանը իրացրել է 7,5-8 մլրդ դոլարի ապրանք: Որակյալ ու մրցունակ ապրանքների թվում նա նշել է սնունդը, որը թեեւ մի փոքր թանկ է, սակայն վայելում է հայրենական սպառողի մեծ վստահությունը: