22 սեպտեմբերի 2009 - 16:04 AMT
Հայաստանը թույլ չի տա որեւէ երկրին խոսել իր հետ վերջնագրերի լեզվով
Մեզ պետք չէ հայ-թուրքական սահմանի բացումը, կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ ամեն գնով: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, հայկական կողմին այդ ամենը պետք է առանց նախապայմանների: «Թուրքական կողմը պետք է հասկանա, որ երկրների միջեւ հարաբերությունների բարելավումը անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ տարածաշրջանի մնացած երկրներին»,- ասաց Շարմազանովը, ավելացնելով, որ հարաբերությունների բարելավման զարգացման գործընթացի հասկացությունները կողմերի մոտ բացարձակ տարբեր են: «Եթե թուրքական կողմը, խոսելով առաջխաղացման մասին, նկատի ունի հայկական կողմի միակողմանի զիջումները` ապա թող մոռանա այդ մասին: Հայաստանը երբեք չի գնա միակողմանի զիջումների»,-նշեց Շարմազանովը, ավելացնելով, որ Հայաստանի համար նախապայմաններն անընդունելի են: «Հայաստանի Հանրապետությունը թույլ չի տա որեւէ երկրի, ներառյալ Թուրքիային, խոսել իր հետ վերջնագրերի լեզվով»,-ընդգծեց ՀՀԿ մամլո քարտուղարը: Նրա խոսքերով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար վերջնագրերի լեզուն լավ միջոց չէ:

Շարմազանովը նաեւ նշեց, որ Հայաստանը նույնպես կարող է ներկայացնել իր նախապայմանները: «Հայկական կողմը կարող էր հայտարարել, որ կբարելավի հարաբերությունները միայն այն բանից հետո, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն մենք շատ լավ հասկանում ենք, որ տարածաշրջանում անվտանգություն ապահովվելու, ժողովրդավարության զարգացման համար հայկական կողմը հրաժարվեց նախապայմաններից: Այդ հարցում ՀՀԿ դիրքորոշումը պարզ է. Լեռնային Ղարաբաղը չի կարող անկախ լինել Ադրբեջանի կազմում` Երեւանը պետք է ունենա ցամաքային սահման Ստեփանակերտի հետ եւ պետք է երաշխավորվի ԼՂ պետության եւ ժողովրդի անվտանգությունը»,-հայտարարեց Շարմազանովը: