22 սեպտեմբերի 2009 - 21:21 AMT
ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար. հայ - թուրքական սահմանի բացումը չի լուծի Հայաստանի բոլոր խնդիրները
Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները հավասար պայմաններ չեն ստեղծում Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման համար: Այս մասին Երեւանում կայացած հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը: «Այս փաստաթղթերին ծանոթանալուց հետո պարզ է դառնում, որ կամ հայկական կողմն էր հարկադրված ընդունել այս արձանագրությունները, կամ էլ առաջնորդություն է կատարվել ելնելով այն համոզմունքից, համաձայն որի Հայաստնաի գոյատեւումն ու զարգացումը կախված է միայն սահմանի բացումից: Մի խոսքով այս փաստաթղթերով Թուրքիան ստանում է այն ամենը, ինչին այն ձգտել է վերջին 17 տարիների ընթացքում», - նշեց Վարդան Օսկանյանը: Նա նկատեց, որ այսօրվա իրավիճակը նրան հիշեցնում է 1997թ-ի վերջը: Այդ ժամանակ, նրա խոսքերով, Հայաստանի ղեկավարությունը ամեն կերպ փորձում էր համոզել հայ ժողովրդին, որ Հայաստանը չի կարող զարգանալ առանց ղարաբաղյան հարցի լուծման:

«Այսօր Հայաստանի տնտեսությունը անկում է ապրում 18 տոկոսով: Սփյուռքը հեռացել է հայրենիքից: Բացի այդ, իշխանությունները ոչինչ չեն արել քաղաքական բարեփոխումների ոլորտում: Այսօր Հայաստանը չի հանդիսանում ժողովրդավարական պետություն: Հայ - թուրքական սահմանի բացումն այդ բոլոր խնդիրները չի լուծի», - նշեց Օսկանյանը հավելելով, որ Հայաստանի ներկա իշխանությունները ներքին խնդիրների լուծումը փնտրում է երկրից դուրս, բայց արձանագրությունների ստորագրումը չի հանդիսանա այդ հարցերի լուծումը:

Միեւնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը նկատեց, որ այս ամենը չի նշանակում, թե ինքը դեմ է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նրա կարծիքով Անկարան այսօր շատ է զգում սահմանների բացման կարիքը եւ հաշվի առնելով այս հանգամանքը, հայկական կողմը չպետք է շտապեր: «Սահմանի բացումը կարող էր տեղի ունենալ 1-2 տարի հետո, բայց դրա փոխարեն մենք կունենայինք ավելի ընդունելի եւ բարենպաստ մի փաստաթուղթ Թուրքիայի հետ: Բացի այդ, այս գործընթացի հրապարակայնությունը դարձավ մեր թշնամին: Մենք կարող էինք վարել բանակցությունները, համաձայնեցնեինք, այնուհետեւ հասարակությանը ներկայացնեինք հստակ փաստաթուղթ», - հայտարարեց Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքերով, թուրքական կողմը մեկ անգամ չէ, որ առիթ է տվել Հայաստանին հրաժարվել այս արձանագրություններից: