22 սեպտեմբերի 2009 - 22:23 AMT
Հայաստանում տրանսպորտային անվտանգության ազգային ռազմավարություն է մշակվում
Տրանսպորտային անվտանգությանհամակարգի ազգային ռազմավարության մշակման աշխատանքային խումբը սեպտեմբերի 22-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ռազմավարության մշակումը եւ հաստատումը սահմանված է «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ» եւ «Հայաստան-Եվրամիություն» համագործակցության ծրագրով:

Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ ռազմավարության ընդունումն օժտված է բացառիկ կարեւոր քաղաքական եւ տնտեսական նշանակությամբ` հաշվի առնելով թե' տարածաշրջանային վերջին զարգացումները, թե' Իրան-Հայաստան ավտոմայրուղու եւ երկաթգծի կառուցման տեսականը: Տրանսպորտային անվատանգության ազգային ռազմավարության նպատակը ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համակարգերի անվտանգության բարձր մակարդակի ապահովումն է, նոր տրանսպորտային տարածաշրջանային ենթակառուցվածքների հուսալիության բարձրացումը, ինչպես նաեւ` միջազգային չափանիշներին համապատասխան տրանսպորտային անվտանգության համակարգի ձեւավորումը:

Նիստում որոշվել է ռազմավարության նախագիծը մարտ ամսին ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը, որից հետո համաձայն Հայաստան-Եվրամիություն համագործակցության ծրագրի, կառավարությունը կիրականացնի հնգամյա միջոցառումների ծրագիր, հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգությանխորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը: