23 սեպտեմբերի 2009 - 14:20 AMT
Երեւանում ներկայացվել է Արամ Խաչատուրյանի անվան եռյակի նոր սկավառակը
Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Արամ Խաչատուրյանի անվան եռյակի սկավառակի շնորհանդեսը, որտեղ ձայնագրված եմ Առնո Բաբաջանյանի ու Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները եւ նրա գործունեության 10-ամյակին նվիրված համերգը, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին` Երեւանի Կամերային երաժշտության տանը:

«Սկավառակը ձայնագրվել է Երեւանում` Արամ Խաչատուրյանի տուն-թանգարանում, իսկ թողարկվել է Մոսկվայում: Ստացվել է հայ-ռուսական համատեղ նախագիծ, ինչն արտահայտվել է նաեւ դիզայնում` շապիկի վրա պատկերված են Արշիլ Գորկու եւ Մարկ Շագալի նկարները, որոնք իդեալական կերպով համահունչ են երաժշտությանը, ինչում կարելի է համոզվել, լսելով սկավառակը»,-ասել է ջութակահար Կարեն Շահգալդյանը:

Սկավառակի վրա ձայնագրվել է Առնո Բաբաջանյանի տրիոն ջութակի, թավջութակի ու դաշնամուրի համար, fis-moll եւ Դ.Շոստակովիչի թիվ 2 տրիոն, e-moll, op.67:

Ինչպես նշել է Կարեն Շահգալդյանը, «սրանք երկու ամենախոշոր ստեղծագործություններն են կամերային ժանրում: Իսկ Բաբաջանյանի տրիոն հայ երաժշտության գագաթնակետն է տրիոյի ժանրում»:

Սկավառակի շնորհանդեսը, որն ըստ երաժշտի, հեշտ ու մեկ շնչով անցավ, տեղի կունենա սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Շնորհանդեսի շրջանակներում կկատարվի սկավառակի վրա ձայնագրված ծրագիրը:

Իսկ մեկ օր անց, սեպտեմբերի 27-ին, Star-city խանութում եռյակի մասնակիցները ինքնագրեր կբաժանեն եւ կշփվեն երաժշտասերների հետ:

Սկավառակի տպաքանակը հազար նմուշ է, այն հիմնականում կվաճառվի Հայաստանում:
Սկավառակը ձայնագրվել է անգլահայ ձեռնարկատեր Ասատուր Գուզելյանի հովանավորությամբ:
Խաչատուրյանի անվան եռյակը ստեղծվել է 1999թ. որպես «Ariska»: Եռյակը հանդես է եկել Շվեյցարիայում, Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում, Հայաստանում: Մասնակցել է բազում փառատոների, մշտապես հեռարձակվել է հեռուստատեսությամբ: Երաժշտական քննադատները նշում են վիրտուոզ կատարումը, երաժշտականությունն ու ոճի զգացողությունը: 2006 թվականից եռյակը հանդես է գալիս այս կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամոււր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ: Վերջին չորս տարիներին համույթը մեծ լուսավորչական աշխատանք է տանում Հայաստանում` համերգներով հանդես գալով ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ շրջաններում, վարպետության դասեր է անցկացնում դպրոցականների ու ուսանողների համար: