25 հունիսի 2003 - 20:16 AMT
ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԵՎՐՈՊԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՄՈՏ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի անդամները իրենց անհամաձայնությունն են հայտնել ԵԽ դիտորդական առաքելության զեկուցող Բերնարդ Շրայների առաջարկի հետ` ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության լիազորությունները Հայաստանի խորհրդարնական ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումների պատճառով չճանաչելու վերաբերյալ: ԵԽԽՎ դիտորդական խմբի զեկուցող Իրժի Յասկերնյան եւ վերոհիշյալ խմբի անդամ Յոզեֆ Յուվիոն նախօրեին իրենց ելույթներում ընդգծել են, որ տվյալ առաջարկը չի համապատասխանում դիտորդական առաքելության գործողությունների տրամաբանությանը: Ինչպես հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, տվյալ առաջարկը զարմանք է հարուցել անգամ նստաշրջանի որոշ պատվիրակների շրջանում: Մասնավորապես, նրա խոսքերով, իր զարմանքը չի թաքցրել ֆրանսիացի պատվիրակ Ռոսլանը, որն իր ելույթում դեմ է արտահայտվել հարցի քննարկմանը: Զեկույցում նման դրույթի ընդգրկման առնչությամբ իրենց դժգոհությունն են հայտնել նաեւ մի շարք այլ եվրոպացի խորհրդարանականներ հայկական պատվիրակության անդամների հետ զրույցներում: Ա.Ռուստամյանը ընդգծել է, որ հաշվետվության վերոհիշյալ 53-րդ կետը ներխորհրդարանական քննարկումների արդյունք չէ եւ, հետեւաբար, չի կարող դիտվել որպես առաջարկություն Հայաստանի վերաբերյալ: Նա ավելացրել է, որ ԵԽ-ի կանոնակարգի համաձայն նման հաշվետվություններն ընդունվում են միայն ի գիտություն եւ չեն ընկալվում որպես որոշում այս կան այն պետության վերաբերյալ: