24 սեպտեմբերի 2009 - 22:39 AMT
Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ համագործակցությունը հետագայում եւս կխորացվի
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ եւ եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգելեւիչին:

Զրուցակիցները քննարկել են հայ-լեհական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ տարբեր ուղղություններով համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել Հայաստանի եւրաինտեգրման ճանապարհին հայ-լեհական փորձի փոխանակման ուղղությամբ: Միկոլայ Դովգելեւիչը պատրաստակամություն է հայտնել լեհական փորձի օրինակով աջակցել Հայաստանում տեղեկատվական կենտրոնների ստեղծմանը:

Քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ մուտքի արտոնագրերի ստացման պարզեցված համակարգի ձեւավորման հնարավորությունը: Միկոլայ Դովգելեւիչն իր աջակցությունն է հայտնել այս գործընթացին:

Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին. Արթուր Բաղդասարյանն ասել է, որ Հայաստանը ձգտում է առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: