25 սեպտեմբերի 2009 - 18:55 AMT
Բաքուն Անկարային մեղադրում է Ադրբեջանի օրենքների խախտման մեջ
Ադրբեջանի Արտգործնախարարությունը թուրքական NTV ալիքի լրագրողների` Լեռնային Ղարաբաղ կատարած այցի առիթով բողոքի նոտա է ուղարկել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանություն: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը:

«Նոտահում մատնանշվում է, որ որոշ ժամանակ առաջ թուրքական NTV ալիքի լրագրողները այցելել են «օկուպացված» Լեռնային Ղարաբաղի տարածք` հավատարմագիր ստանալով Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարությունից, ինչը վրդովմունք է առաջ բերում ադրբեջական կողմից»,- հայտնել է Պոլուխովը:

Նրա խոսքով, Ադրբեջանի ԱԳՆ անհանգստացած է այդ փաստով եւ բողոք է արտահայտում, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:

«Ադրբեջանի ԱԳՆ թուրք լրագրողների այցը գնահատում է, որպես Ադրբեջանի օրենսդրության խախտում եւ Թուրքիայի ԱԳՆ-ից պահանջում է լիկվիդացնել ԼՂՀ-ում լրագրողների ստացած հավատարմագրերը եւ այդ առիթով համապատասխան միջոցներ ձեռնարկել»,- ընդգծել է մամլո քարտուղարը: