5 ապրիլի 2002 - 00:01 AMT
«ԷՄՆԻՍԹԻ ԻՆՏԵՐՆԷՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱՍՎՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ
«Էմնիսթի իտերնէշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել` նվիրված մարդու իրավունքներին աշխարհի տարբեր երկրներում: Փաստաթղթում նշվում է, որ վերջերս առնվազն 17 դատապարտված քաղաքացիներ Ադրբեջանում ճանաչվել են քաղբանտարկյալներ: Նրանց մի մասը ազատվել է Եվրոպայի Խորհուրդի ճնշման տակ, սակայն Նաթիկ Էֆենդիեւը, Իսկենդեր Համիդովը, Ալիքրամ Գումմատովը, Սուրեթ Հուսեյնովը եւ Ռահիմ Գազիեւը նախկինի պես մնում են ճաղերի ետեւում: Ընդ որում, զեկույցում ասվում է, որ մարդու իրավունքների խախտումներ կան նաեւ բազմաթիվ այլ գործերում եւ, նմանատիպ գործերով դատապարտված անձանց նույնպես կարելի է համարել քաղբանտարկյալներ: Ընդգծվում է, որ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, Ադրբեջանում կան հարյուրավոր այլ քաղբանտարկյալներ: Փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանում շարունակում են կիրառվել կտտանքներ եւ անմարդկային վերաբերմունք, չի ցուցաբերվում բժշկական օգնություն, արգելվում են հանդիպումները հարազատների հետ ազատազրկման վայրերում: Դրանից բացի, շարունակվում են կառավարությունը քննադատող լրագրողների դատական հետապնդումները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: