25 հունիսի 2003 - 20:14 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՉՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱՌԱՋԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի պատվիրակությունը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում իր դժգոհությունն է հայտնել ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ, շվեյցարացի պատգամավոր Անդրեաս Գռոսի «Ինքնավար տարածաշրջանների դրական փորձը Եվրոպայում հակամարտությունների կարգավորման համատեքստում» զեկույցի առնչությամբ: Ինչպես գրում է Բաքվի «Էխո» թերթը, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը, մասնավորապես, առարկել է այն բանի դեմ, որ զեկույցում չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Դրան ի պատասխան Անդրեաս Գռոսը պարզաբանել է, որ տվյալ հարցով կա ԵԽԽՎ հատուկ զեկուցող եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կդիտարկվի առանձին զեկույցում: