29 սեպտեմբերի 2009 - 15:25 AMT
Միջազգային իրավունքում չկան երկրորդական սկզբունքներ
Լեռնային Ղարաբաղի գործընթացը, որը բանակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, առաջ է ընթանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նիստում: Ըստ նրա, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն ու արտաքին գործերի նախարարները կանոնավոր կերպով հանդիպում են քննարկելու հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքները: «Հայաստանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործում առաջընթացի հնարավորություն ստեղծելու համար կողմերը պետք է պարտավորվեն զերծ մնալ քայլերից, որոնք կարող են խաթարել երկխոսությունը կամ խոչընդոտել խաղաղ գործընթացը:

Միջազգային ասպարեզում Ադրբեջանը, ինչպես երկու օր առաջ այս ատյանում, շարունակաբար խեղաթյուրված է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը` փորձելով կոծկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ իրականացված էթնիկ զտումներն ու վարած բռնության քաղաքականությունը: Միջազգային հանրությունը հիշում է ԼՂ դեմ Ադրբեջանի ծավալած բացահայտ ագրեսիան, լայնածավալ ռազմական գործողություններն ու պատերազմը` նաեւ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնությամբ: Այն խլեց բազմահազար մարդկային կյանքեր»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

«Մենք հավատացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար լուրջ հիմքեր կան, եթե կիրառվեն Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների միջեւ 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագրի, 2008թ. դեկտմբերի 4-ին Հելսինկիում ՄԽ համանախագահների արված հայտարարության ու 2008թ. դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ բոլոր 56 անդամ պետությունների կողմից Հելսինկիում ընդունված հայտարարության սկզբունքները: Ըստ այս փաստաթղթերի, կողմերը պետք է պարտավորություն ստանձնեն բանակցությունների միջոցով հասնելու խնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա:

Հիմնարար սկզբունքները, որոնց շուրջ բանակցություններն ընթանում են ներկայումս, խարսխված են միջազգային իրավունքի հիմնասյուների վրա, որոնք ամրագրված են այս կազմակերպության կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի մեջ ու այլ միջազգային փաստաթղթերում: Ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքները հավասարապես կիրառելի են: Ոմանք երկար ժամանակ փորձում էին ժողովուրդների ինքնորոշման գաղափարի կարեւորությունը նսեմացնել որպես միջազգային իրավունքի համակարգում երկրորդական սկզբունքի, որը պակաս կարեւոր է, քան «տարածքային ամբոջականության» սկզբունքը: Ես ստիպված եմ հիասթափեցնել երկակի չափանիշներ քարոզողներին. ինքնորոշումն միջազգային իրավունքի անվերապահ դրույթ է, այն ազատության մասին է, ցանկացած ժողովրդի ազատությունն է` իր ապագան ու ճակատագիրը որոշելու, հավաքական իրավունքները պաշտպանելու, երբ այդ իրավուքներն ու ապագան վտանգված են: Եթե ինքնորոշման իրավունքը ստորադասվեր տարածքային ամբողջականությանը, ՄԱԿ-ում միայն 52 անդամ պետություն կլիներ, այսօրվա 192-ի փոխարեն»,-ասել է նախարարը:

«Մենք ցեղասպանության կանխարգելումն ու պաշտպանելու պատասխանատվությունը համարում ենք հիմնարար սկզբունքներ, մարդու անվտանգության համակարգի հիմնասյուներ: Այս առումով մենք ողջունում ենք գլխավոր քարտուղարի «Պաշտպանելու պատասխանատվության իրականացումը» խորագրով զեկույցը, որը նախանշում է ՄԱԿ-ի ուղին` կանխելու ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները` կազմակերպության կարողությունները խթանելու միջոցով:

Ինչպես զեկույցում արդարացիորեն նշվում է, ցեղասպանությունները հանպատրաստից տեղի չեն ունենում: Հանցագործները անհանդուրժողականություն ու ատելություն են սերմանում` պարարտ հող ստեղծելով բռնությունների համար: Որպես ցեղասպանության վերապրածներ, մենք` հայերս ողջունում են բոլոր այն ջանքերը, որոնք ուղղված են ռասիստական ու այլատյացության տրամադրությունների կանխմանն ու դրանց դեմ պայքարին: Մենք արել ենք ու կանենք ամեն ինչ ցեղասպանության կանխարգելման շարունակական քարոզչության համար: Միջազգային հանրությունն աչալուրջ պիտի լինի այսպիսի իրավիճակների ու իրադարձությունների զարգացման հանդեպ, եւ կարողանա իր կարողությունները գործի դնել` ժամանակին քայլեր ձեռնարկելու` կանխելու ապագա ողբերգությունները»,-ասել է Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: