30 սեպտեմբերի 2009 - 17:28 AMT
«ReAnimania» փառատոնի երեք օրվա ընթացքում կցուցադրվի 250 անիմացիոն ֆիլմ
Հոկտեմբերի 3-6-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «ReAnimania» միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Փառատոնի բացումը լայնամասշտաբ կլինի, սակայն անիմատոր Ռոբերտ Սահակյանցի մահվան կապակցությամբ համեստ կանցկացվի:

«Մենք շատ ուրախ ենք երեւանյան «ReAnimania» միջազգային անիմացիոն կինոփառատոնի համագործակցության համար, որի շրջանակներում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ Գերմանական անիմացիայի զարգացման պատմությանը: Կինոփառատոնը ավելի ճանաչված կդարձնի գերմանական մուլտիպլիկացիան», - սեպտեմբերի 30-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչ Մելանի Մոլթմանը:

Իր հերթին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի կցորդ Ժան-Պոլ Մարտենը նշել է. «Ընդամենը մեկ տարի առաջ կայացավ կոմիկսների եւ պլակատների փառատոնը, այնպես որ, մենք ունենք մեծ առաջխաղացում`անցումը անշարժ պատկերներից դեպի շարժականը: Իրականում այս փառատոնը կարող է ունենալ զգալի, եթե ոչ որոշիչ դեր տարածաշրջանում անիմացիայի զարգացման համար»:

Գիտակցելով փառատոնի կարեւորությունը, մենք ապահովեցինք նրանում աշխարհի հայտնի ամերիկյան անիմատորներից մեկի` Մաքս Հաուերդի մասնակցությունը: Ես վստահ եմ, որ փառատոնում առաջատար անիմացիայի վարպետներից մեկի ներկայությունը կցուցաբերի փոխադարձ ստեղծագործական եւ բարոյական աջակցություն», - ընդգծել է ՀՀ-յում Գերմանիայի դեսպանատան հասարակության հետ կապերի տեղակալ Սյուզան Բրեյդենսթայը:

ՀՀ-ում Բրազիլիայի փոխհյուպատոս Հովսեփ Սեֆերյանը իր հերթին նշեց, որ «ReAnimania» փառատոնի կայացումը, որպես երեխայի ծնունդ: «Իսկ ամեն երեխա կնքահոր կարիք ունի, որի դերը այս դեպքում ստանձնում են դեսպանատները, որոնք համագործակցում են փառատոնի կազմակերպիչների հետ: Ինձ համար, որպես հայի, որը ներկայացնում է Բրազիլիան կրկնակի հաճելի է իրականացնել «Դեմքեր երրորդ մոլորակից» համատեղ նախագիծը», - ավելացրել է նա:

Փառատոնին կմասնակցեն ավելի քան 31 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ` Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Մալիից, Իրանից, Ուկրաինայից եւ այլն: 250 ֆիլմ կցուցադրվի երեք օրվա ընթացքում: Փառատոնի մրցանակային ծրագրում ներառվել են 5 լիամետրաժ եւ 70 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կպայքարեն հաղթանակի համար հետեւյալ անվանակարգերում` «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն դիպլոմային աշխատանք», «Լավագույն հեռուստատեսային սցենար», «Հանդիսատեսի համակրանքի մրցանակ», «ՀՀ ԱԳ նախարարության մրցանակ», «Հատուկ մրցանակ երեխաներից»:

Բացի այդ, «ReAnimania» փառատոնի շրջանակներում կկայանան հետեւյալ երեւանյան պրեմիերաները` Արի Ֆոլմանի (Իսրայել) «WALTZ WITH BASHIR»-ը, Նանա Ֆելիի (ԱՄՆ) «SITA SINGS THE BLUES»-ը, Բիլ Ֆլիմփտոնի (ԱՄՆ) «IDIOTS AND ANGELS»-ը, Մարժան Սատրապի եւ Վինսենթ Պարոնի (Ֆրանսիա) «Պերսեպոլիսը»:

«ReAnimania» փառատոնը համագործակցում է Annecy անիմացիոն կինոփառատոնի, Շտուտգարդի կինոփառատոնի, Aardman Studio-ի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ եւ այլոք:

Փառատոնը նվիրված է 3D անիմացիայի հիմնադիր Ալեքսանդր Շիրինյանի հիշատակին: Այդ փառատոնը կանցկացվի ամեն տարի: