«Սիվիլիտասն» առաջին քննարկումներն է անցկացրել «Երկխոսություն» ծրագրի շրջանակներում

PanARMENIAN.Net - Այսօր «Սիվիլիտաս» հիմնադրամի «Երկխոսություն» ծրագրի շրջանակներում առաջին անգամ քննարկումներ են տեղի ունեցել «Հայաստան-Թուրքիա` վերադարձ դեպի անցյալ» թեմայով, որին մասնակցել են թուրք եւ հայ հանրության ներկայացուցիչներ:



Ըստ հայ հասարակական գործիչ Ալեքս Սարդարի, քննարկումների հիմնական հարցն այսօր կողմերի ձգտումն է իմանալ, թե ինչ են ուզում միմյանցից Թուրքիան ու Հայաստանը: Ըստ նրա, իրականում Հայ-թուրքական արձանագրությունների քննարկումները վերածվել են «սեւ-սպիտակի» գրանցման` դրանք կամ ընդունում են, կամ` ոչ:



Իր հերթին, թուրքական Today`s Zaman թերթի լրագրող Յավուզ Բայդարն ասել է, թե թուրք հանրության մեծ մասը պատկերացում չունի անգամ իր պատմության «սեւ էջերի» եւ նույնիսկ Հայ-թուրքական արձանագրությունների մասին: «Մենք պետք է նախապատրաստենք մեր հանրությանն, որ նա հանգիստ ընկալի իր անցյալը»,-ասել է Բայդարը` հավելելով, որ Թուրքիան այլեւս չի ցանկանում խնդիրներ ունենալ իր հարեւանների հետ:



Իր հերթին Երեւանի մամլո ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարեւորել է այն հանգամանքը, որ կարելի է նստել եւ քննարկել խնդիրներն առանց զգացմունքների: Նա ասել է, թե հայերը վախենում են նոր բաներից եւ բացատրել է դա նրանով, որ մարդիկ չեն վստահում այն անձանց, որոնք որոշումներ են կայացնում երկրում:



Առաջիկայում նախատեսվում է նաեւ քննարկում անցկացնել «Հայաստան-Վրաստան», «Հայաստան-Ռուսաստան», «Հայաստան-ԵՄ» թեմաներով:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---