1 հոկտեմբերի 2009 - 13:51 AMT
Երեւանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնը կբացվի «Հայաստանի համար» ցուցահանդեսով
Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը կմեկնարկի նոյեմբերի 7-ին, Կասկադի հուշարձանի մոտ` տոնական հրավառությամբ: Իսկ հաջորդ օրը, նոյեմբերի 8-ին, ցանկացողները կկարողանան այցելել «Հայաստանի համար» ցուցահանդեսը:

Մի շարք ցուցահանդեսներ կնշանավորեն Գաֆեսճյան արվեստի կենտրոնի բացումը, սակայն դրանց շարքում առանձնահատուկ տեղ է գրավելու «Լիբենսկի-Բրիխտովա. Հայաստանի համար» ցուցահանդեսը: Ջերարդ Լ. Գաֆեսճյանի ապակե հավաքածուն ամենամեծն է աշխարհի որեւէ թանգարանում գտնվող հավաքածուներից, իսկ այս չեխ ամուսնական զույգի գործերի հավաքածուն ամենալավն է աշխարհում: Ստանիսլավ Լիբենսկու(1921-2002) եւ Յարոսլավա Բրիխտովայի համագործակցությունը տեւել է շուրջ 5 տասնամյակ, իսկ զույգին վերագրվում է ապակու կենցաղային կարգավիճակը արվեստի մակարդակին բարձրացնելու դերը: Նրանք ամենաազդեցիկ արվեստագետներից երկուսն են, որոնք աշխատել են գեղարվեստի այս տեխնիկայով 20-րդ դարում:

Ցուցահանդեսից բացի, «Սասունցի Դավիթ» սրահում նույն օրը տեղի կունենա «Լիբենսկի եւ Բիխտովա» գրքի շնորհանդեսը: Ինչպես ցուցահանդեսի բացմանը, այնպես էլ շնորհանդեսին ներկա կլինի Յարոսլավա Բրիխտովան:

Գաֆեսճյան հիմնադրամը հիմնվել է 2002թ. Երեւանում` ՀՀ կառավարության եւ Ամերիկայում «Գաֆեսճյանի թանգարան» հիմնադրամի աջակցությամբ:

Հիմնադրամի նպատակն է ստեղծել թանգարան, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ կնպաստի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացմանը Երեւանում:

Հայաստանի կառավարությանը հիմնադրամին տրամադրեց անավարտ Կասկադի համալիրը հարակից տարածքով:

Ջ.Լ.Գաֆեսճյանը ամերիկահայ գործարար է, որը հիմնել է Ամերիկայի Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամը: Նրան երկու տարվա աշխատանք եւ 35 միլիոն դոլար պահանջվեց` Կասկադը լիովին վերափոխելու եւ այն աշխարհի ամենաականավոր ժամանակակից արվեստի կենտրոններից մեկը դարձնելու համար: Գաֆեսճյանը մտադիր է նաեւ իր հարուստ հավաքածուն անհատույց նվիրաբերել հայ ժողովրդին: