ՀԱԵ-ն դրական է գնահատում Արձանագրությունների համահայկական քննարկումը

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Գերագույն Հոգեւոր Խորհուրդը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական կապերի հաստատման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` ի խնդիր տարածաշրջանում անվտանգության ապահովման, խաղաղության պահպանման եւ համագործակցության զարգացման: Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո գրասենյակը, նախօրեին ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ Գերագույն Հոգեւոր Խորհուրդը դրական է գնահատում գործընթացի շրջանակներում ծավալված համահայկական քննարկումները: Թուրքիայի հետ հայ ժողովրդի պատմական դառը փորձառության, Հայոց Ցեղասպանության հարցում Թուրքիայի մերժողական քաղաքականության, Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրսեւորած անհանդուրժող կեցվածքի, ինչպես եւ հայ-թուրքական հարաբերությունների նախաստորագրված Արձանագրություններում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող բանաձեւումների եւ գործընթացի հետ կապված թուրքական կողմի հնչեցրած անընդունելի հայտարարությունների համատեքստում Գերագույն Հոգեւոր Խորհուրդը բնական եւ հասկանալի է համարում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում բնակվող հայորդիների մտահոգությունները: Այս համատեքստում Գերագույն Հոգեւոր Խորհուրդը վերահաստատում է, որ «Հայոց Ցեղասպանությունը անվիճարկելի իրողություն է, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ արցախահայության ինքնորոշման իրավունքը: Մեր ժողովուրդը եւ հայրենի իշխանությունները երբեք չեն հրաժարվի հետապնդելու եւ պաշտպանելու մեր ազգային արդար իրավունքները»:



ՀԱԵ Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հորդորում է ազգի բոլոր զավակներին «դրսեւորել առավելագույն իրատեսություն եւ շրջահայացություն, որպեսզի խուսափենք ազգավնաս բեւեռացումներից եւ միաբանության մեջ դիմագրավենք մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները»:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---