2 հոկտեմբերի 2009 - 17:00 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը պարզաբանեց պատգամավորի մանդատը չհանձնելու մասին իր որոշումը
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումից հետո խաղարկման առարկա կդառնա ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, իսկ մյուս կողմից ծագել է «Ժառանգություն» կուսակցության հետագա գոյության հարցը, ես վերանայեցի իմ որոշումը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` մեկնաբանելով պատգամավորի մանդատը չհանձնելու մասին իր որոշումը:

Հովհաննիսյանի խոսքով, իր որոշման ամենածնրակշիռ պատճառներից մեկը դարձել է ընդդիմական դաշտի «աղքատությունն» այդ ճակատագրական պահին, եւ ինքը որոշեց, որ «այս դեպքում ավելի կարեւոր է սկզբունքային մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին, քան սկզբունքային բացակայությունը»:

Նա նաեւ հաղորդել է, որ մինչ օրս նամակով եւ բանավոր կերպով միասնության կոչով բազմիցս դիմել է ընդդիմական ուժերի առաջնորդներին, քանի որ առանձին-առանձին նրանք դատապարտված են պարտության: