VivaCell-MTC-ը 163 միլիոն դրամ կհատկացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն 2009 անցկացման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2009-ի հեռուստամարաթոնի իրականացմանը: «Չորրորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը իր օժանդակությունն է ցուցաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին եւ գործարար հանրությանը կոչ է անում ներգրավվել այդ գործընթացում:



Այս տարի մարաթոնը կհեռարձակվի Լոս Անջելեսից, նոյեմբերի 26-ին` ամերիկացիների սիրելի տոներից մեկի` Գոհաբանության օրը: Այս տարի հավաքված հանգանակությունները կուղղվեն Հայաստանի եւ Արցախի գյուղական համայնքների զարգացման ծրագրերին:



Այդ օրը ամբողջ աշխարհում հեռուստամարաթոնը դիտելու հնարավորություն կունենա ավելի քան 50 միլիոն ընտանիք: Շուրջ 40 միլիոնը` Միացյալ Նահանգներում: 2009-ի դրամահավաքն առաջարկում է նորամուծություն. բջջային հեռախոսով նվիրատվություն կատարելու նոր հնարավորություն: Միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար հոկտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը գործում է երեք կարճ համար` 5555, 5556 եւ 5557, որոնց դատարկ հաղորդագրություն ուղարկելով, բաժանորդը կատարում է համապատասխանաբար` 200, 600 եւ 1000 դրամի նվիրատվություն (ներառյալ ԱԱՀ-ն): Այսպիսով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ավելի քան երկու միլիոն բաժանորդ նման կերպ հնարավորություն է ստանում նվիրատվություն կատարել:



ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է. «Չորրորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է մեկնում հեռուստամարաթոնին: Ուրախ ենք համահայկական նախաձեռնության մասը լինելու համար, որը նպատակ ունի ժամանակակից ենթակառուցվածքներ եւ պայմաններ ստեղծել մեր հայրենակիցների համար, որպեսզի նրանք ապրեն եւ աշխատեն իրենց բնակավայրում: Հայաստանի մարզերի, հատկապես` սահմանամերձ շրջանների եւ մայրաքաղաքի միջեւ սոցիալ-տնտեսական պայմանների անհամաչափ զարգացումն ահռելի է: Սահմանամերձ շրջանները երկրի համար ռազմավարական առավել մեծ նշանակություն ունեցող տարածքներն են, հետեւաբար այս դրամահավաքը կնպաստի այդ շրջանների բնակչության կյանքի պայմանների բարելավմանը` նրանց համար ստեղծելով կենսապահովման հնարավորություն: Ուզում եմ գործարար հանրությանը կոչ անել ակտիվորեն ներգրավվել նախաձեռնության մեջ եւ սեփական լուման ներդնել այս ազգանվեր գործում: Միասին մենք կարող ենք հնարավորություն ստեղծել մեր երեխաների համար: Միասին մենք կարող ենք ապացուցել, որ ի զորու ենք ստանձնել եւ իրականացնել կարեւոր ծրագրեր: Միասին մենք կարող ենք ապացուցել, որ համախմբված ազգ ենք` ի զորու հասնելու ազգային նպատակների»,- ընդգծել է Ռալֆ Յիրիկյանը:



«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն իր հերթին ընդգծել է. «Ուրախալի է, որ կորպորատիվ պատասխանատվությունը Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններից մեկի գործունեության առանցքային մասն է կազմում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործելակերպը այդ հայեցակարգի լավագույն - իրական օրինակն է: Ընկերությունն արդեն չորրորդ տարին էական աջակցություն է ցուցաբերում համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը: Կրկնակի ուրախալի է, որ անգամ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի հրաժարվում իր համար ավանդական դարձած վարքագծից - հեռուստամարաթոնի հովանավորների շարքում կրկին առաջատարն է»:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---