2 հոկտեմբերի 2009 - 20:02 AMT
Հայաստանը չպետք է որեւէ բան զիջի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում
Հայ եւ թուրք ժողովուրդների ներկա սերունդները, յուրաքանչյուրը յուրովի, անցյալից ծանր ժառանգություն են ստացել, եւ մեր հասարակությունները լուրջ խնդիրներ ունեն լուծելու` երկու ժողովուրդների միջեւ առկա խորը անվստահությունը հաղթահարելու ուղղությամբ: Այդ մասին «Armenian Reporter»-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայերը ենթարկվել են Ցեղասպանության, կորցրել են իրենց պատմական հայրենիքի մի մասը, սփռվել են աշխարհով մեկ եւ շարունակում են պայքարել միջազգային հանրության ու հատկապես Թուրքիայի կողմից այդ պատմության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ, ինչը մեր ժողովրդի համար կնշանակեր արդարության երկար սպասված հաղթանակ: Թուրքերի ներկա սերունդն էլ ունի սեփական պատմության հետ հաշտվելու խնդիր. ի վերջո, Հայոց Ցեղասպանությունն ու հայկական հարցը Թուրքիայում տասնամյակներ շարունակ արգելանքի տակ են եղել, իսկ այն բարձրաձայնողները ենթարկվել են դատական հետապնդման եւ հասարակական պարսավանքի»,- ընդգծել է պետության ղեկավարը:

Սերժ Սարգսյանի խոսքով, անշուշտ, երկու հասարակություններում էլ ոչ բոլորն են պատրաստ գնալ կարգավորման ճանապարհով, եւ դա բնական է: «Հասկանալի են նաեւ դժվարությունները եւ կանխատեսելի են հնարավոր խոչընդոտները: Այդուհանդերձ, ամենակարեւոր գրավականը, կարծում եմ, երկու կողմերի այդ ճանապարհով գնալու մտադրության անկեղծությունն ու եղած կնճիռները ապագա սերունդներին չթողնելու վճռականությունն են: Ես ուզում եմ հավատալ, որ թուրքական կողմն իսկապես անկեղծ է այս գործընթացում, որ արձանագրությունների ստորագրման ու վավերացման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չեն ծագի, եւ որ երկու կողմերն էլ կիսում են հարաբերություններում նոր էջ բացելու անհրաժեշտությունը»,- ասել է ՀՀ ղեկավարը:

Նա նշել է, որ մեծագույն ռիսկն առաջանում է այս գործընթացի տապալման պարագայում, եւ որ իրադարձությունների այդպիսի զարգացումը կխորացնի անվստահության մթնոլորտն ու թշնամանքը տարածաշրջանում:

Դրա հետ մեկտեղ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ անկախ այն հանգամանքից, թե արդյոք Հայաստանը շրջափակված է, թե ոչ, Հայաստանը չի համաձայնի ղարաբաղյան հակամարտության նման լուծմանը, որը սպառնալիքի տակ կդնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությունը:

«Ինչ վերաբերում է մեր կողմից ավելի զիջողական լինելուն, ապա մեր դիրքորոշումն անփոփոխ է ՝ հարաբերությունների հաստատումն ու շրջափակման վերացումը անհրաժեշտ են երկու կողմերին, եւ այդ ուղղությամբ շարժվելու համար Հայաստանը չպետք է որեւէ բան զիջի: Մեր կառուցողական մոտեցման վառ ապացույցն է արդեն իսկ այն, որ մենք պատրաստ ենք համագործակցության անգամ մինչեւ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը»,- ընդգծել է երկրի ղեկավարը: