2 հոկտեմբերի 2009 - 20:06 AMT
Այսօր Հայաստանը գլոբալ ասպարեզ դուրս գալու շանս ունի
Այսօր Հայաստանը գլոբալ ասպարեզ դուրս գալու շանս ունի, եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարելի է միայն ոջունել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ Համաշխարհային անվտանգության ինստիտուտի ռուսական ու ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: «Հայաստանը երկար ժամանակ եղել է մի իրավիճակում, երբ ընտրություն չի ունեցել: Անշուշտ, շատ դժվար է հաշվարկել այս գործընթացի բոլոր հետեւանքները, սակայն տարածաշրջանային զարգացումներում հայկական հսկայական ներուժն օգտագործելու տեսակետից, այս քայլը շատ դրական է»,-ասել է քաղաքագետը: Ըստ նրա, Հայաստանի ղեկավարությունը, բանակցությունների գնալով Անկարայի հետ, մեծ ռիսկի է դիմում, որին Երեւանն ավելի շուտ պետք է գնար:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` քաղաքագետը նշել է, որ հակամարտությունների հանգուցալուծումը բոլորը յուրովի են հասկանում: «Ինձ համար անձամբ, երբ խոսքը գնում է տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի հարաբերակցության մասին, առաջին տեղում ինքնորոշման իրավունքն է, քանի որ այդ տարածքում ապրող մարդիկ իրավունք ունեն իրենք որոշել ու ընտրել իրենց ճակատագիրը»,-ասել է Զլոբինը: