2 հոկտեմբերի 2009 - 20:29 AMT
Հայաստանի նախագահը հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ մտավախություն չունի
«Թուրքիայի հետ սահմանի բացումը ստեղծում է որոշակի մրցակցություն, համենայնդեպս, մեր տնտեսության համար` միանշանակորեն առողջ մրցակցություն, «Armenian Reporter»-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հիշեցրել է, որ նման տեսակետներ հնչում էին նաեւ Հայաստանի անկախության առաջին տարիներին իրանական ապրանքների մրցակցությանը չդիմանալու մասին:

«Ժամանակը ցույց տվեց, որ մտավախությունները չափազանցված էին: Կարծում եմ, սա մեծ երկրների հարեւանությամբ գտնվող փոքր երկրի բարդույթ է: Ի վերջո, մեր արտադրողների առջեւ բացվում է 70 մլն. բնակչությամբ պոտենցիալ շուկա: Ես նույնիսկ կասկած չունեմ, որ մեր գործարարները հաջողելու են այդ մրցակցության մեջ»,- նկատել է ՀՀ ղեկավարը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դեռ չի հանդիպել հայաստանյան մեկ լուրջ գործարարի, ով կասկած հայտնի սահմանի բացման տնտեսական շահավետության մեջ:

Ինչ վերաբերում է տեղական արտադրողների եւ մասնավորապես մանր բիզնեսի պաշտպանությանը, պետության ղեկավարը նշել է, որ դա արդեն կառավարության հոգածության առարկան պետք է լինի: «Նրանցից շատերն այսօր նույնիսկ մեր երկրի ներսում են խնդիրներ ունենում մրցակցության առումով: Շուկայական տնտեսության պայմաններում կառավարությունները ունենում են համապատասխան լծակներ՝ հակադեմպինգային, հակամենաշնորհային եւ այլն, որոնք պաշտպանում են ինչպես տեղական արտադրողի, այնպես էլ մանր ու միջին բիզնեսի շահերը: Ուղղակի պետք է աշխատել եւ աշխատել գրագետ»,- ասել է Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ այդ առումով իր մտահոգությունը նվազագույնն է: