5 հոկտեմբերի 2009 - 19:35 AMT
Սերժ Սարգսյան. Բանակցային գործընթացը Թուրքիայի հետ անցնում է առանց նախապայմանների
Համահայկական ուղեւորության շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Նյու Յորք, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արեւելյան ափի, ինչպես նաեւ Կանադայի հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ: Նախագահ Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հնչող հիմնական մտահոգություններին եւ մեկ անգամ եւս ընդգծել, որ Հայաստանն առաջ է գնում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու առանց որեւէ նախապայմանի:

Նախագահ Սարգսյանը` խոսելով հայ-թուրքական քաղաքական երկխոսության մասին, նշել է, որ Թուրքիայի հետ բանակցություններ վարվել են Հայաստանի անկախացումից ի վեր եւ վերջին շրջանում միայն դրանք հրապարակայնացվել են: Սերժ Սարգսյանը ցանկացած բանակցության համար կարեւոր է համարել ոչ միայն դրված նպատակներին հետամուտ լինելու կամքը, այլեւ այն ժամանակային ու իրավիճակային միջավայրը, որում ընթանում են դրանք` վստահություն հայտնելով, որ այն հայկական կողմի համար բարենպաստ է եղել ` ամրագրելու իր առջեւ դրված նպատակները: Խոսելով նախաստորագրված արձանագրությունների մասին` Նախագահ Սարգսյանը նշել է. «Այո', ես հավատում եմ, որ հնարավոր է նորմալ բանակցել, նորմալ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ եւ այդ ամենից ոչ միայն չտուժել, այլեւ` օգուտներ քաղել»:

Հանդիպման ավարտից հետո «Հիլթոն» հյուրանոցի սրահում` ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելության, Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից տրվել է ընթրիք, որին մասնակցել են ԱՄՆ-ի Արեւմտյան ափի ու Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ավելի քան 500 ներկայացուցիչներ: Նախագահն իր խոսքում ասել է.

«Տնտեսական էքսպանսիայի մասին մտավախությունները Հանրապետության ղեկավարը համարել է անհիմն` հայտարարելով, որ պետությունն ունի բավարար գործիքներ ու մեխանիզմներ, այդ թվում` օրենսդրական, լուծումներ տալու այդ ուղղությամբ առաջ եկող խնդիրներին ու մարտահրավերներին: Արեւելյան ափի եւ Կանադայի հայաշատ գաղթօջախների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում չի կարող քննարկվել Ցեղասպանության փաստը:

«Ցեղասպանության հետ կապված միակ խնդիրը, որ կարող է քննարկման առարկա լինել, այն է, թե ինչպես կարող ենք օգնել թուրք ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելիս կամ ավելի ճիշտ` ինչպես հաղթահարել Ցեղասպանության հետեւանքները»,- նշել է երկրի ղեկավարը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: