6 հոկտեմբերի 2009 - 15:26 AMT
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանի պետական ագրարային համալսարանի 10 լավագույն ուսանողի համար սահմանել է կրթաթոշակ
«Հայաստան» համահայկական hիմնադրամը, ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, Հայաստանի ագրարային համալսարանում սովորող, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի զավակ հանդիսացող, սոցիալապես անապահով եւ ուսումնական բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար սահմանել է կրթաթոշակ` ուսման վարձի փոխհատուցման տեսքով:

Լավագույն ուսանողներիթեկնածությունը Հիմնադրամին կներկայացնի համալսարանի ղեկավարությունը, ի դեմս` ռեկտոր Արշալույս Թարվերդյանի: Ուսանողների վերջնական ընտրությունը կկատարի Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմինը: Ընտրված ուսանողներից յոթը կրթաթոշակ կստանան մեկական կիսամյակ, երկուսը` երկու կիսամյակ, իսկ լավագույն ուսանողը ողջ ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմությունն ապահովելու դեպքում կրթաթոշակով կպարգեւատրվի մինչեւ ուսման ավարտը:

«Ակնկալում ենք, որ այս լավագույններն իրենց գիտելիքներն ու հետագա փորձառությունը կնվիրաբերեն հայրենիքի շենացման գործին»,- հույս հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը: