Վեց հայկական ընկերություններ կսեփականաշնորհվեն NASDAQ OMX-ի միջոցով

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ կսեփականաշնորհվեն վեց հայկական ընկերություններ` NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նրանց բաժնետոմսերը ներկայացնելու միջոցով, երեքշաբթի կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել «NASDAQ OMX Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: Նրա խոսքերով, ըստ ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 23-ի որոշման, նախատեսվում է սեփականաշնորհել հետեւյալ ընկերությունները` «Ընդերքաբան» ՓԲԸ, «Երեւանի ջրամատակարարման ուղեմաս» ՓԲԸ, «Քաղաքաշինության գիտահետազոտական եւ նախագծային ինստիտուտ» ՓԲԸ, «Ատոմսերվիս» ՓԲԸ, «Կապուտակ» ՓԲԸ, «Նարեկ» հանգստյան տուն» ՓԲԸ:



Մելիքյանն ասել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն, ընկերությունները կվերակազմավորվեն բաց բաժնետիրական ընկերությունների:



Բացի այդ, «NASDAQ OMX Արմենիա»-ի գլխավոր տնօրենն ասել է, որ հայտարարված մրցույթի արդյունքում կընտրվեն 5 ընկերություններ, որոնք ներդրումային ծառայություններ են առաջարկում: Նա նշել է, որ մյուս բոլոր ընկերությունները եւս կաշխատեն բաժնետոմսերի պոտնեցիալ գնորդների հետ: Ընտրված ներդրումային ընկերությունները ազդագիր կպատրաստեն եւ գրանցման ներկայացում, ինչպես նաեւ նշված վեց ընկերություններից յուրաքանչյուրի բաժնետոմսերի տեղաբաշխում: Սեփականաշնորհման գործընթացը, կառավարության որոշմամբ, պետք է ավարտվի վեցամսյա ժամկետում:



Ըստ Մելիքյանի, ՀՀ-ում շուրջ 500 ընկերություններ կան, որոնց սեփականատերը պետությունն է, որոնցից շուրջ 80-ը հերթի են կանգնած: Այս համատեքստում նա հավելել է, որ վեց ընկերություններն ընտրվել են ելնելով նրանց եկամտաբերությունից: «Ընտրված ընկերությունները շահույթով են ավարտել 2008 թվականը, ընդ որում նրանցից մեկի մաքուր շահույթը կազմել է 16 մլն դրամ»,-ասել է նա:



2008թ.-ի հունվարինսկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի եւ OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի եւ ՀԿԴ-ի միակ սեփականատերը: 27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---