6 հոկտեմբերի 2009 - 15:49 AMT
Բուրսայում անվտանգության բարձրացված միջոցներ են ձեռնարկվելու
Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների` ԱԱ 2010 նախընտրական հանդիպման նախապատրաստությունը ավարտական փուլ է մտել: Բուրսայում անվտանգության բարձրացված միջոցներ են ձեռնարկվել: Ինչպես գրում է Today's Zaman-ը, ոստիկանությունը վճռականորեն կանխելու է խուլիգանության բոլոր փորձերը մարզադաշտում, որտեղ ներկա է լինելու նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Բուրսայի նահանգապետ Շահաբեթին Հարփութի խոսքով, Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների ֆուտբոլային հանդիպումը շատ կարեւոր է քաղաքի համար: «Մենք ուշադրության կենտրոնում ենք լինելու, ընդունելու ենք շատ լրագրողների, եւ ես հուսով եմ, որ այդ հանդիպումը շրջադարձային կետ կդառնա երկու երկրների միջեւ հարաբերություններում»,- ասել է Հարփութը` ավելացնելով, որ խստորեն հետեւելու է, որպեսզի հանդիպման ընթացքում սադրիչ կարգախոսներ չլինեն: Նա նաեւ ընդգծել է, որ այդ մասին ինքը խոսել է մի շարք հասարակական կազմակերպությունների եւ ֆուտբոլի երկրպագուների հետ: