6 հոկտեմբերի 2009 - 19:15 AMT
Սոչիի հայկական համայնքի ղեկավարը հրաժարվում է հանդիպել Հայաստանի նախագահի հետ
Սոչիում Ռուսաստանի Հայերի միության (ՌՀՄ) Տեղական բաժանմունքի խորհրդի նախագահ Հակոբ Կոչկոնյանը հրաժարվել է մասնակցել Հայաստանի Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը, որը կազմակերպվելու է հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում:
Ինչպես հայտնել է Հակոբ Կոչկոնյանը, ինքը հրաժարվում է մասնակցել հանդիպմանը` ի նշան հայ-թուրքական Արձանագրությունների ծրագրված ստորագրման դեմ բողոքի, գրում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
Սոչին հայերի` Համշենի պատմական հայկական մարզի, որն այժմ մտնում է Թուրքիայի կազմի մեջ, բնիկների բնակության կոմպակտ վայր է: Համշենահայերի կարծիքով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի ճանաչման մասին Արձանագրությունների մի կետը խաչ է դնում հայրենիքը վերադարձնելու` իրենց հույսերի վրա: Կրասնոդարի շրջանում մոտ 200 000 համշենահայ է բնակվում:
Հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում համահայկական ուղեւորության շրջանակներում կկայանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հայկական համայնքի հետ: