Շվեդիայի հայերը խորհուրդ են տալիս վերանայել Արձանագրությունները

PanARMENIAN.Net - «Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանի կառավարությանը վերանայել նախաստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները եւ փոփոխություններ կատարել, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանն ու ղարաբաղյան հակամարտությանը»,-ասվում է Հայաստանի նախագահին, խորհրդարանի խոսնակին եւ Սահմանադրական դատարանի նախագահին հղած Շվեդիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիայի նամակում: Ըստ հեղինակների, Հայաստանի նախագահը Սփյուռքի հետ հանդիպումներում չի ցրել իրենց մտավախությունները Արձանագրություններում առկա նախապայմանների վերաբերյալ: «Մենք բաց երկխոսություն էինք ակնկալում Փարիզում կայացած հանդիպմանը, սակայն, արդյունքում, ստացանք մենախոսություն, որը բավարար չափով համոզիչ չէր: Սփյուռքը, որը ձեւավորվել է Ցեղասպանության պատճառով, չի կարող հանգիստ վերաբերվել նրան, որ Արձանագրություններում կետ կա անցյալի հետազոտման պատմական հանձնաժողովի ստեղծման մասին: Անտեսելով Սփյուռքի, այսինքն հայ ժողովրդի մեծամասնության կարծիքը, Հայաստանի կառավարությունը փաստորեն զրկում է իրեն ողջ հայությունը ներկայացնելու իրավունքից: Մենք դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն դրանք չպետք է նախապայմաններ պարունակեն: Հայաստանն իրավունք չունի հրաժարվել Հայոց ցեղասպանությունից եւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից»,-ասվում է Հայաստանի կառավարությանը հղած շվեդահայերի բաց նամակում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---