7 հոկտեմբերի 2009 - 20:21 AMT
«Արեւելյան գործընկերությունն» արդյունավետ չի լինի առանց կոնկրետ արդյունքների
«Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը նպատակ է հետապնդում նպաստել ԵՄ համագործակցությանը 6 հետխորհրդային երկրների հետ, ինչպես նաեւ անվտանգության ամրապնդման նպատակով երկխոսության հաստատմանն այդ նախագծի մասնակից երկրների միջեւ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնել է «Արեւելյան գործընկերության» գծով Չեխիայի համակարգող Միլոշ Լեքսան: «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունի հակամարտություն, եւ այդ քաղաքականության նպատակն է` փորձել գտնել երկարաժամկետ որոշումներ` հաշվի առնելով այդ իրադրությունը»,- ասել է եվրոպացի դիվանագետը:
Նա ավելացրել է, որ Չեխիան` որպես ԵՄ նախագահող երկիր, «Արեւելյան գործընկերությունը» դիտարկում է որպես կարեւոր հարց: «Մենք կփորձենք համոզել ԵՄ-ում մեր գործընկերներին, որ «Արեւելյան գործընկերությունը» արդյունավետ չի լինի առանց կոնկրետ եւ զգալի արդյունքների»,- հայտնել է Միլոշ Լեքսան:
Խոսելով «Արեւելյան գործընկերության» շրջանակներում անվտանգության ապահովման համար չճանաչված պետությունների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հետ նվազագույն հաղորդակցության հաստատման հնարավորության մասին` նա ասել է, որ այդ հարցը դեռեւս չի քննարկվել եւ ներկա պահին այն չունի կոնկրետ պատասխան: