28 մարտի 2002 - 22:11 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ԱՎՇԱՐԻ ԳԻՆՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՈՎԱԶԴԸ
Ռուսաստանի իրավասու մարմինները հրահանգ են տվել Ավշարի գինու կոմբինատի հայկական կոնյակների եւ «Ախթամար» կոնյակի գովազդը «Ճաշակի կայսրություն» ամսագրում արգելելու վերաբերյալ: Էթիլային սպիրտի պարունակությունը այդ խմիչքներում գերազանցում է 15 տոկոսը: ՌԴ օրենսդրության համաձայն, դրանց գովազդը թույատրվում է միայն այն կազմակերպություններում, որոնք իրականացնում են ալկոհոլային խմիչքների շրջանառություն կամ զբաղվում են դրանց արտադրությամբ: Նշենք, որ նույն հրահանգով արգելվում է նաեւ «Jamenson» վիսկիի, «Բելոե զոլոտո», «Կլինսկայա», «Ստոլիչնայա», «Ալտայ», «Նաշա վոդկա», «Gautier», «Remy Martin», «Bisquit» եւ «Nemiroff» օղիների գովազդը: Ավշարի գինու կոմբինատի երեւանյան գրասենյակում «Արմինֆո» գործակալության թղթակցին բացատրել են, որ խոսքը ոչ թե արտադրանքի վատ որակի մասին է, այլ ընդամենը Ռուսաստանի օրենսդրության պահպանման մասին: Ավելին, արգելքը վերաբերում է միայն գովազդին «Ճաշակի կայսրություն» ամսագրում, ինչը չի կարող ազդել ռուսական շուկայում իրացվող արտադրանքի ծավալների վրա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: