7 հոկտեմբերի 2009 - 20:59 AMT
ՀՀ կառավարությունն աշխատում է հայ-թուրքական սահմանի բացման ռիսկերի չեզոքացման ուղղությամբ
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ-ում կառավարական ժամի շրջանակներում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի այն հարցին, թե վերլուծում է արդյոք ՀՀ կառավարությունը հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր տնտեսական հետեւանքները, նշել է, որ նման աշխատանքներ կատարվել են եւ այժմ էլ ընթացքի մեջ են:

«ՀՀ յուրաքանչյուր նախարարություն հրահանգ է ստացել նախագահ Սարգսյանից նման ուսումնասիրություններ անցկացնելու վերաբերյալ, եւ հասկանալի է, որ այդ նյութերի մեծ մասը գաղտնի է պահվում, քանի որ խոսքը գնում է Հայաստանի ազգային անվտանգությանն առնչվող հարցերի մասին»,-ասել է վարչապետը:

Սարգսյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունն օգտագործում է նաեւ քաղաքական կուսակցությունների ներկայացրած վերլուծական նյութերը: Մասնավորապես, վարչապետը հղում է արել ՀՅԴ-ի նախապատրաստած նյութին, որտեղ, ըստ նրա, շատ կարեւոր գաղափարներ կան:

Վարչապետը նշել է նաեւ, որ նման աշխատանքները տեւական բնույթ են կրում եւ դեռեւս շատ անելիք կա այդ ուղղությամբ, օրինակ, հարկավոր է մշակել օրինագծեր եւ հաստատել դրանք խորհրդարանում, որպեսզի սահմանի բացումից հետո առավելագույնս նվազեցվեն հնարավոր ռիսկերը: