8 հոկտեմբերի 2009 - 17:13 AMT
Պետբյուջեի շուրջ 20 տոկոսը չի օգտագործվել ըստ նշանակության
«Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքը, սակայն պետք է նշեմ, որ ըստ Սահմանադրության, նա պետք է հետազոտեր ողջ պետբյուջեն, ոչ թե միայն 5 տոկոսը»,-ասել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանի նիստում:

Ըստ նրա, եթե Վերահսկիչ պալատը, ուսումնասիրելով պետբյուջեի միայն 5 տոկոսը, շուրջ 8 մլրդ դրամի չարաշահումներ է հայտնաբերել, ապա ողջ բյուջեի հետազոտման դեպքում կարող էր հայտնաբերել, որ պետբյուջեի շուրջ 20 տոկոսը չի օգտագործվել ըստ նշանակության: Այս առնչությամբ Դալլաքյանն առաջարկեց ձեւավորել պալատի այնպիսի կազմ, որը կկարողանա ուսումնասիրել ողջ բյուջեն:

Ըստ պատգամավորների, օրինախախտների հանդեպ պետք է խիստ պատժամիջոցներ կիրառվեն:

Անդրադառնալով պետական մրցույթներին, նա նշել, որ չգիտես ինչու, միշտ նույն կազմակերպություններն են հաղթում: «Այստեղ հավանաբար պետական հովանավորչություն կա, եւ այն մարդիկ, որ կոպեկներով գնում են պետական հողերը, հետո ծախում են դրանք կլորիկ գումարով, այժմ նստած են այս դահլիճում»,-ասել է Դալլաքյանը: