9 հոկտեմբերի 2009 - 11:42 AMT
Սյուզի Քենտիկյան. Չնայած նրան, որ Սահինն անպարտ է, ես գիտեմ իմ գործը
Հայ մարզիկ, թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 51 կգ) WBA եւ WIBF վարկածներով պրոֆեսիոնալ կանանց թվում աշխարհի կրկնակի չեմպիոն Սյուզաննա Քենտիկյանը (Killer Queen) հոկտեմբերի 10-ին առաջին անգամ կպաշտպանի իր տիտղոսները` մենամարտելով WIBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի գերմանուհի Յուլիա Սահինի հետ (20-0, 2 նոկաուտ): Առաջիկա մենամարտի կապակցությամբ Քենտիկյանը հայտարարել է, որ չնայած նրան, որ Սահինն անպարտ է, նա գիտի իր գործը եւ ամեն ինչ ցույց կտա մենամարտը:

«Ես գիտեն իմ գործը: Ես ունեմ 10-ռաունդային մենամարտերի փորձ: Յուլիան շատ ուժեղ մրցակից է: Նա անպարտելի է եղել ոչ միայն իր ողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, նույնիսկ այն ժամանակ, երբ հանդես է եկել սիրողական բռնցքամարտում, նա շատ լավ է հանդես եկել: Քանի որ մենամարտը տեղի կունենա ուշ երեկոյան, ես մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում դրան եւ երեկոյան մարզումներ եմ անցկացնում»,-Քենտիկյանի խոսքերն է մեջբերում boxing.de-ն:

Սյուզիի մարզիչ Մագոմեդ Շաբուրովն, իր հերթին, նշել է, որ իր սանի մրցակցուհին իրապես ուժեղ հակառակորդ է եւ նրա դեմ մենամարտում միշտ պետք է ուշադիր լինել:

«Յուլիա Սահինը շատ ուժեղ մարզիկ է: Սահինը հաղթել է ամեն տեղ, որտեղ դա հնարավոր էր, սակայն մենք եւս քնած չէինք եւ պատրաստ ենք նրա հետ հանդիպման»,-ասել է Շաբուրովը: