Ահմեդ Դավուդօղլու. Արձանագրությունները հաստատում են Լոզանի պայմանագիրը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագրությունները հաստատում են Լոզանի խաղաղ պայմանագիրը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն: Նրա խոսքերով, ըստ 1923թ. Լոզանի պայմանագրի է որոշվել սահմանը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ, գրում է «Հյուրիեթ դեյլի նյուսը»: «Անշուշտ, Թուրքիան ունի իր դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, եւ ես հավատում եմ, որ մենք հանգիստ որոշում կկայացնենք այդ հարցի շուրջ: Թուրքիան նաեւ վստահ է, որ առաջխաղացում կա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-ասել է Դավուդօղլուն:



Հայ-թուրքական արձանագրությունները նախատեսվում է ստորագրել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Ստորագրման արարողությանը ներկա կլինեն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի ու ՌԴ-ի ԱԳ նախարարները, ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Խավիեր Սոլանան:



Լոզանի խաղաղ պայմանագիրը կնքվել է 1923թ. հուլիսի 24-ին մի կողմից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հունաստանի, Ռումինիայի, Սերբերի, խորվատների ու սլովենների թագավորության, մյուս կողմից` Թուրքիայի միջեւ: Այն փոխարինեց 1920թ. Սեւրի պայմանագիրը:



Պայմանագրով հաստատվեցին Թուրքիայի նոր սահմանները, իրավաբանորեն ամրագրելով Օսմանյան կայսրության փլուզումը եւ Թուրքիայի տարածքը ժամանակակից սահմաններում: Պայմանագրով խաղաղություն էր հռչակվում Թուրքիայի եւ Անտանտի տերությունների միջեւ: Թուրքիան պահպանեց Արեւելյան Ֆրակիան, Իզմիրը եւ այլ տարածքներ, որոնք անջատվել էին 1920թ. Սեւրի պայմանագրով:



Թուրքիան հասավ նրան, որ Անտանտը հրաժարվեց հայերի «ազգային օջախ» ստեղծելու գաղափարից: 1923թ. օգոստոսի 23-ին Թուրքիան վավերացրեց պայմանագիրը` մինչեւ 1924թ. օգոստոսի 6-ը այն վավերացրել էին պայմանագրի մյուս բոլոր մասնակիցները, բացառությամբ Սերբերի, խորվատների ու սլովենների թագավորության, որը հայտարարեց, թե համաձայն չէ կրել Օսմանյան կայսրության պարտքի մի մասը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---