9 հոկտեմբերի 2009 - 12:55 AMT
ԱՊՀ ԱԳՆԽ-ն հավանություն է տվել Հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումներին
Ս.թ. հոկտեմբերի 8-ին Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնեւում կայացավ Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարների խորհուրդը աշխատանքները սկսեց նեղ ձեւաչափով, ապա շարունակեց պատվիրակությունների մասնակցությամբ:

Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` հումանիտար բնագավառում համագործակցության խթանման, անվտանգության եւ միգրացիոն քաղաքականության ոլորտներում փոխգործակցության ակտիվացման հարցերը: Նախարարները հավանության արժանացրեցին եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների հաստատմանը ներկայացրեցին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 65-ամյակի առիթով ընդունվելիք կոչի նախագիծը:

Նիստի մասնակիցները հաստատեցին ս. թ. հոկտեմբերի 9-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգը: